երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սինգապուրում փոփոխությունները սկսել են փողոցում թքելու դեմ մեծ տուգանքներ սահմանելով. վարչապետ

Սինգապուրում փոփոխությունները սկսել են փողոցում թքելու դեմ մեծ տուգանքներ սահմանելով. վարչապետ

Շարունակում ենք ահազանգեր ստանալ, որ լայնորեն տարածված ձևով շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողարկել: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ մի գաղափար ենք քննարկել։ Ինչպես հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ քաղաքացիների կատարած նկարահանումների հիման վրա ճանապարհային ոստիկանությունը կարող է վարչական վարույթ սկսել, երեկ ես ՊԵԿ նախագահին այդպիսի գաղափար եմ առաջարկել, որ նույն կերպ հնարավոր լինի ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող  քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ: Սա ճիշտ ճանապարհ է»,- ընդգծեց վարչապետը։

Արդարադության նախարար Ռուստամ Բադասյանն էլ նշեց, որ այդտեղ խնդիր կա, քանի որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ գործերը համատարած անվավեր են ճանաչվում դատարանների կողմից, քանի որ հնարավոր չի լինում ապացուցել ՀԴՄ կտրոն տալ-չտալու փաստը: Ըստ նախարարի, այս առումով կարող է խնդրահարույց լինել քաղաքացու կողմից տեսաձայնագրումը։

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ ինքը խնդիրն առաջադրում է, իսկ նրանք պետք է լուծումները գտնեն. «Գնացեք, գտեք լուծումներ: Մարդը պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել և վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի գնալ և տուգանվել: Մենք պետք է գտնենք լուծումը։ Այսօր ասում ենք, որ չի կարելի ծխախոտը գցել պատուհանից, աղբը նետել, այս անել, այն անել, բայց այն քաղաքացին ,որի աչքի առաջ դա տեղի է ունենում, ինքը գործելու լծակ  չունի: Մարդկանց պետք է լծակ տալ, որ ներգրավված լինեն այս բոլոր պրոցեսներին։ Ասենք տեսա, որ մեկն իր մեքենայից աղբը շպրտեց, ի՞նչ անեմ, զանգեմ ոստիկանություն, հետո ինձ մի հատ կանչեն քննության, հետո հարցաքննության և այլն, հետո չկարողանամ ապացուցել, վերջում դառնա ուրիշ պատմություն»:

Վարչապետի խոսքով նույնը վերաբերում է ծխախոտը նետելուն։ «Այսօր տեսել եմ, որ կառավարության աշխատեղներից մեկը մեքենայից դուրս եկավ և սիգարետը շպրտեց։ Ես գիտեմ, թե ինչ կանեմ, բայց եթե այլ քաղաքացի դա տեսնի, ինքն ի՞նչ անի»,- հավելեց նա։

Վարչապետը նաև ասաց՝ Սինգապուրում փոփոխությունները սկսել են նրանից, որ փողոցում թքելու դեմ մեծ տուգանքներ են սահմանվել և  դա իրագործվել է. «Թվում է, թե դե մարդ է, թող թքի իր համար: Բայց սա քաղաքակրթական խնդիր է»։  

Նա կրկին անդրադարձավ սանհանգույցների խնդրին, նշելով, որ եթե որևէ զբոսաշրջիկ կամ քաղաքացի մտնում է որևէ տեղ զուգարան,  այդտեղ գոյանում է իր գնահատականը, թե այդ երկիրն իրեն ոնց է վերաբերվում: «Պետք է արգելել, փակել, սնանկացնել բոլոր այն բիզնեսմեններին, որոնք ոսկեջրած աթոռներ են դնում իրենց ռեստորաններում, բայց  կոտրած ու կեղտոտ  ունիտազներ են պահում իրենց ռեստորանների զուգարաններում: Պետք է մարդկանց  չթողնել գործունեությունը ծավալել այնքան ժամանակ, մինչև  ոսկեջրածի փոխարեն կդնեն նորմալ աթոռներ և կունենան ոսկեջրածին մոտ զուգարաններ»,- ասաց վարչապետը։  

Նա նաև նկատեց, որ այս քննարկումից հետո սոցիալական ցանցերում և այլ տեղերում ակտիվանալու է ժողովրդին «գործ տվող» դարձնելու մղումների մասին խոսակցությունները:

«Ես որպես մարդ, որ հանգամանքների բերումով լայն շփում է ունեցել այդ ենթամշակույթը կրող շրջանակների հետ, ուզում եմ ասել, որ «գործ չտալու» մասին խոսողները ամենամեծ «գործ տվողներն» են, այն պայմանով, որ իրենք դա անում են իրենց անձնական կոնկրետ խնդիրներ լուծելու, անձնական շահագրգռությունների համար: Մեր առաջարկն այն է, որ  ասում ենք՝ հանրային շահի համար եկեք մեր ունեցած տեղեկատվությունը, մեր տեսածն ու լսածը, անկախ նրանից, թե մեր նեղ անձնական շահերին որքանով է հակասում, օգտագործենք հանրային շահի համար»,- ընդգծեց վարչապետը։  

 

 

 

 

  • Կիսվել: