երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՇՄ նախարարն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են Հայաստանում օդի աղտոտվածության խնդիրը

ՇՄ նախարարն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են Հայաստանում օդի աղտոտվածության խնդիրը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։

Ողջունելով պարոն դեսպանին Շրջակա միջավայրի նախարարությունում ՝ նախարարն ուրախությամբ փաստել է, որ պարոն դեսպանի հետ հանդիպումները դարձել են հաճախակի և դա ևս մեկ անգամ խոսում է համատեղ իրականացվող ծրագրերի կարևորության և արդյունավետ ընթացքի մասին։

Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ շրջակա միջավայրի ոլորտներում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Սևան» ազգային պարկի տարածքում սոճիների մոտ նկատվող հիվանդության արագ զարգացման և տարածման խնդրին։ Հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Ճապոնիայի առաջադեմ փորձը՝ ակնկալվում է ճապոնական կողմի աջակցությունը վերոնշյալ կարևոր խնդրի կարգավորման հարցում։

Քննարկվել է նաև Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրը, մասնավորապես՝ մոնիթորինգային կարողությունների հզորացման և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղնիկական վերազինման հարցը։

Նախարարը տեղեկացրել է, որ մթնոլորտային օդի որակի ուղղությամբ տարվող աշխատանքներն այս պահին Շրջակա միջավայրի նախարարության համար առաջնահերթ են և առավել սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։

 

Հիշեցնենք, որ Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 11 ավտոմատ օդերևութաբանական կայան (ներառյալ երեք գոլորշաչափ), որոնք տեղադրվել են Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանական կայաններում։

Կողմերը պայմանավորվել են Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները՝ վերոնշյալ հարցերի շուրջ համագործակցությունը զարգացնելու նպատակով։

  • Կիսվել: