կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երբ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, նկատի ունենք 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը․ Փաշինյան

Երբ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, նկատի ունենք 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը․ Փաշինյան

Ուղիղ 6 տարի առաջ մեր քաղաքական թիմը եւ ես ստանձնեցինք ՀՀ կառավարումը, այդ պահին մեր առաջնային խնդիր ենք համարել այն օրակարգի սպասարկումը, որը մեր իրականության մեջ ընդունված է համարել համազգային նպատակներ: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ օրակարգի լիաթոք սպասարկումը բացահայտել է հայեցակարգային եւ գործնական մի շարք խնդիրներ, որոնք առարկայացել են առավել 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ, ժամանակ եւ դրանից հետո: Այդ ողջ ընթացքում  մենք կարեւոր ենք համարել հիշատակված խնդիրների ախտորոշումը՝ դրանց լուծումը համարելով կենսական:

Այդ ամենին առնչվելը մեզ համար բացահայտել է խնդիրների  մի մասի ոչ միայն անլուծելիությունը, այլեւ դրանց անհամատեղելիությունը անկախության, ինքնիշխանության,  պետականության գաղափարների եւ պրակտիկայի հետ: Որոշ օրակարգեր ի ցույց են դրել իրենց փակուղային լինելը, որոնց հավանական խորքային նպատակը մեր երկրի կայացումն ու զարգացումը թույլ չտալն է, Հայաստանի անկախության, ինքնիշխանության պետականության ռազմավարական թիրախավորմամբ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, հիմա առաջ է գալիս ՀՀ զարգացման ռազմավարական տեսլականի վերանայման անհրաժեշտությունը, եւ դրանից է բխում իրական Հայաստանի տեսլականը, որի մասին խոսել է կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ:

Վարչապետը սահիկներով (սլայդ) սկսեց ներկայացնել, թե ինչ է Հայաստանի Հանրապետությունը, որքան է նրա տարածքը, ինչ է նշանակում ինքնիշխանություն, անկախություն եւ այլն: Նա կրկնեց, որ երբ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, նկատի ունենք 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը:

Հատկանշական է, որ սլայդների ֆոնին Արագած սարն է:

  • Կիսվել: