ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՇՄ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին

ՇՄ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին։

Ողջունելով պարոն Դիոնին շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել սերտ ոլորտային համագործակցության կառուցումը։

«Բացի մեր երկրների միջև դիվանագիտական, միջպետական հարաբերությունների օրակարգային սպասարկումից, մենք պատրաստակամ ենք լայն համագործակցություն ծավալել նաև շրջակա միջավայրի կառավարման ոլորտում և համագործակցել այնպիսի կարևորագույն ուղղություններով, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարը, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը, հանրապետությունում ջրային ռեսուրսների ողջամիտ կառավարումը, գետերի ու Սևանա լճերի մաքրման տեխնիկական հնարավորությունների փորձի փոխանակումը և այլն»,- նշել է նախարարի տեղակալը։

Կողմերը քննարկել են երկարաժամկետ գերակայությունների ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը գործընկերներին է ներկայացրել շրջակա միջավայրի ոլորտում մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և առանձնացրել այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ Հայաստանը կարող է ակնկալել աջակցություն և փորձի փոխանակում։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Սևանա լճի էկոհամակարգի առողջացման համալիր ծրագրերին, այդ թվում՝ լիճ թափվող գետերի և կեղտաջրերի մաքրման, ներառյալ՝ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողություններին։

Սևանա լճի խնդիրների վերաբերյալ զեկույցները կտրամադրվեն գործընկերներին՝ հետագա քննարկումների նպատակով։

Քննարկվել են անտառների պահպանության և անտառի վրա մարդածին ազդեցությունը մեղմող համատեղ ծրագրերի կյանքի կոչման հնարավորությունները։

Նախարարի տեղակալը շեշտել է, որ ցանկալի է փորձի փոխանակում իրականացնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործիքակազմերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև համաշխարհային բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու կլիմայական օրակարգում Հայաստանի կողմից իրականացվող քայլերին։

  • Կիսվել: