չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շառլ Ազնավուրի արձանը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակում՝ Ռոդենի արձանի տեղը. վերջինս կտեղափոխվի

Շառլ Ազնավուրի արձանը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակում՝ Ռոդենի արձանի տեղը. վերջինս կտեղափոխվի

Երեւանի ավագանին այսօր՝ մարտի 15-ի իր նիստում համաձայնություն տվեց Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղադրելու համար: Այն ընդունվեց միաձայն՝ 49 կողմ ձայներով:

Որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի գրությունը, որով վերջինս առաջարկում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ՝ Երևան քաղաքում տեղադրել մեծանուն շանսոնյեի հիշատակը հավերժացնող հուշարձանը:

Հատկանշական է, որ հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաև Փարիզում, ինչը ժամանակակից քանդակագործությանը բնորոշ տարր հանդիսանալով՝ Երևանում դրվելիք արձանի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն կառաջացնի:

Քննարկումների արդյունքում առաջարկվել է հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ սույն որոշման ընդունումից հետո կիրականացվեն հուշարձանի էսքիզային և ճարտարապետական նախագծերի հաստատման հետ կապված աշխատանքները և կիրականացվի Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխումը Ֆրանսիայի հրապարակի մեկ այլ հատված:

Ռոդենի արձանը կշարունակի տեղակայված լինել հրապարակի համապատասխան վայրում և կշրջափակվի անհրաժեշտ արգելապատնեշներով, որոնք քանդակը կապահովագրեն հնարավոր միջադեպերից:

Բացի այս, ներկայումս քանդակի՝ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրված լինելու հանգամանքը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով դիտել կամ ուսումնասիրել մեծարժեք ստեղծագործությունը: Քանդակը մայթին ավելի մոտեցնելով, հանրությունն առավել հարմար և մոտ դիտակետից կարող է տեսնել Ռոդենի ստեղծագործությունը, ինչը, ներկայումս արձանի փոքր չափով պայմանավորված լինելով, հանրությանը գրեթե անտեսանելի է:

  • Կիսվել: