ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Սերժի Վաչոյի կինն իր կաբինետում ինձ ասաց ՝ դու հըլը իմ ու ամուսնուս ուժը չգիտես». Ինչպես են «Յանսի» հաշվապահից 40 մլն դրամ շորթել

«Սերժի Վաչոյի կինն իր կաբինետում ինձ ասաց ՝ դու հըլը իմ ու ամուսնուս ուժը չգիտես». Ինչպես են «Յանսի» հաշվապահից 40 մլն դրամ շորթել

«Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը, ում նկատմամբ յուրացման հոդվածով իրականացվող  քրեական հետապնդումը վերջերս դադարեցվել է, երկու հայցադիմում է ներկայացրել դատարան, մեկն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, մյուսն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, վերջինիս կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և նրանց ընտանիքին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի:   Սուսաննա Արիստակեսյանը բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում ՀՀ-ից այն բանի համար, որ իրեն 4 տարի անհիմն քրեական հետապնդման են ենթարկել:

Ինչ վերաբերում է Վաչագան Ղազարյանի, վերջինիս կնոջ և Սերգեյ Կարապետյանի դեմ ներկայացված հայցադիմումին, դրանով Արիսակեսյանը իրենից ենթադրյալ շորթված գումարն է պահանջում և դրա տոկոսները:   Ըստ էության, Սուսաննա Արիստակեսյանը պնդում է, որ այդ երեք անձինք իրենից 40 մլն դրամ գումար են շորթել, այժմ նրանցից պահանջում է 59 մլն 800 հզր դրամ, որից 40 մլն-ը, փաստորեն, ենթադրյալ շորթված գումարն է, իսկ 19 մլն 800 հզր դրամը՝ տոկոսը:  

Բանն այն է, որ 2017-ին «Յանս»-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ ՍՊԸ-ի հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանն, ով այդ ժամանակ աշխատում էր «Յանս»-ում, 25 մլն դրամի վնաս է պատճառել կազմակերպությանը։ Հարուցվել է քրեական գործ, Արիստակեսյանին յուրացում կատարելու մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։

Ամիսներ անց, երբ Արիստակեսյանը կալանավորված է եղել, վերջինիս հարազատները 40 մլն դրամ գումար են տվել Սերգեյ Կարապետյանին՝ համապատասխան ստացականով: Դրանից հետո գրավի դիմաց ազատ է արձակվել։   2018-ի հեղափոխությունից հետո Սուսաննա Արիստակեսյաննն ինքն է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել՝ հայտնելով, որ Սերգեյ Կարապետյանը, Վաչագան Ղազայանի և Ռուզաննա Բեգլարյանի պահանջով իր հարազատներից շորթմամբ ստացել է 40 մլն դրամ գումար։   «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սուսաննա Արիստակեսյանը նշեց. «Այո, 2017-ից մինչեւ 2021 թվականը գտնվել եմ մեղադրյալի կարգավիճակում, 4 տարի անընդմեջ բոլոր քննիչներն ու դատախազները մեկը մեկին փոխանցելով գործը, անում էին իրենց սեւ գործը, կոծկում էին ակնհայտ փաստերը:

2021-ի սեպտեմբերին քննիչ Ղազարյանը իմ դեմ գործը կասեցրեց՝ հիմքեր չլինելու  պատճառով: Այսինքն 4 տարի անընդմեջ ոչ մի դատախազ ու քննիչ չէին տեսնում, որ ինձ մեղադրելու հիմքեր չկային: Իրականում տեսնում էին, բայց կատարում էին պատվեր: Վաչագան  Ղազարյանն օգտագործելով իր դիրքը եւ նրա կինը օգտագործելով իր ամուսնու դիրքը, իմ ընտանիքին 4 տարի պահեցին տառապանքների մեջ: Բացի տառապելը ես վաճառել եմ իմ ունեցվածքը, եւ այդ 40 մլն դրամ գումարը մենք Վաչոյին ու իր կնոջը տվել ենք որպես փրկագին, որպեսզի պրծնենք իրենց ձեռքից:  Եթե չլիներ հեղափոխությունը, երեւի թե ես այսօր կլինեի «Աբովյան» ՔԿՀ-ում»:  

Սուսաննա Արիստակեսյանի խոսքով, գումարը տալուց հետո էլ նրանք չեն հանգստացել. «Վաչոյի կինը դեռ չէր հանգստացրել, ուզում էր ամեն կերպ իմ ընտանիքին ցավ պատճառած լինել: Այս պահին մեղադրանքը հանվել է իմ վրայից, գործը կասեցվել է, ես դատի եմ տվել «Յանս»  ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանին, ով եղել է իրենց հավատարիմ մարդը, աշխատել է «Յանս»-ում որպես պահեստապետ:

25 մլն դրամի հայց էր ներկայացրել սուտ մատնությունով, եւ ոչ քննիչը, ոչ դատախազը սուտ մատնությանը չեն անդրադարձել: Ես նաեւ դատի եմ տվել քննիչին եւ դատախազին, որ Սերգեյ Կարապետյանին սուտ մատնության համար չեն ենթարկել պատասխանատվության: Դատը լինելու է Աջափնյակի դատարանում»:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի դատարանի, նա պատասխանեց. «Առաջին դատը, որ ունեցել եմ, եղել է շորթման վերաբերյալ եւ դատավորը եղել է Դավիթ Բալայանը, որը գործին մոտեցել է անաչառ, ազնվորեն: Նա արձանագրել է իմ իրավունքների խախտման փաստն ու վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել խախտումը, ինչի արդյունքում գործի վարույթը վերսկսվել է:   2018-ին տուժող էի ճանաչվել, ՀՔԾ-ն տուժողի գործը կարճեց հօգուտ Վաչագան Ղազարյանի, այսինքն իբր շորթում չէր եղել:

Քննիչ Վազգեն Ավետիսյանը շատ պարզ գրել էր, որ հանցավորի եւ հանցավորի հարազատներից Սերժի Վաչոն կարող է ստանալ ինչքան ուզի: Այսինքն 40 մլն դրամի շորթումը Վազգեն Ավետիսյանը նայել էր ոչ թե որպես շորթում, այլ որպես ինքնիրավչություն: Այսինքն Վաչագան Ղազարյանն ինքնիրավչությամբ ինձնից տարել էր 40 մլն դրամ: Երկու օր առաջ ԱԱԾ-ից Վազգեն Ավետիսյանին պարգեւատրեցին որպես լավ քննիչի: Իսկ տուժողի գործը վճռաբեկ դատարանից հետ է եկել եւ գտնվում է հակակոռուպցիոն կոմիտեում:

Տեսնենք՝ ինչ կլինի:   Ակնկալիք ունեմ այս պահին, որ անաչառ կմոտենան գործին եւ կապացուցվի, որ Սերժի Վաչոն, իր կինը եւ Սերգեյ Կարապետյանն ինձնից շորթել են 40 մլն դրամ»:   Նա ընդգծեց, որ հիմա պահանջում է ոչ միայն այդ 40 մլն-ը, այլեւ օրենքով հասանելիք տույժ ու տուգանքը. «Եթե ես այդ փողը բանկում պահեի, բնականաբար կունենայի տոկոսներ, բայց Սերժի Վաչոն ու իր կինը դա պահել են իրենց ֆեյսում:

Այս պահին պահանջում եմ  շորթված գումարը: Պետք է ապացուցվի, որ իրենք շորթել են: Վաչոյի կինն ինձ ասաց, որ ինքն ուզել է կեսը, կարող էր ավելին ուզել: Ինքն ինձ հետ դուրս էր եկել մեջլիս, ուզում էր իր ուժը ցույց տար: Ինքն իր կաբինետում ինձ ասաց ՝ դու հլը իմ ու իմ ամուսնու ուժը չգիտես, որ իմանաս, այդ ժամանակ կիմանաս, թե քո հետ ինչ է կատարվելու:  

Սկզբում քաղաքային վարչությունում էր գործը, հետո եկավ ՀՔԾ, հետո Վազգեն Ավետիսյանը 8 ամիս պահելուց հետո գործը նորից ուղարկեց քննչական վարչություն նույն քննիչին: Այդ քննիչը երկու ամիս գործը պահեց իր մոտ, կատարեցին կեղծիքներ, դրանից հետո տեղափոխվեց հատուկ կարեւորագույն գործերի քննչական կոմիտե: Երկու տարի էլ այնտեղ գործը ֆռռաց, 3-4 անգամ ուղարկեցին  փորձաքննության: Թե ինչն էին փորձաքննում, չգիտեմ, եթե ապրանքը, փողը տեղում են, ինչն էին ստուգում:   Իրենք փորձագետի միջոցով  մաքրում էին կեղծիքները, որպեսզի Սերգեյ Կարապետյանը, Վաչագան Ղազարյանը, Ռուզաննա Բեգլարյանը մաքրվեն իրենց արած կեղծիքներից:   Օրինակ, այս պահին իրենց տված եզրակացության մեջ երեւում է, որ իմ դուրս գալու օրը 246 մլն դրամի ապրանքային մնացորդ է երեւում:

Այսինքն «Յանսը» ծայրից ծայր լցված է կարտոֆիլով, լոլիկով ու մսով, ինչն անհնար է: Իրենք նույնիսկ չեն անդրադարձել թվերի նման մեծությանը: Ո՞նց կարող է այդքան մնացորդ մնացած լինի: Իրենք աչք են փակել, երեւի մտածել են, որ ես այնքան եմ հոգնել, որ կթքեմ, կասեմ՝ մենակ մեղադրանքը հանեք, ես թողնեմ գնամ»,-ընդգծեց Սուսաննա Արիստակեսյանը:

  • Կիսվել: