ՍԴ-ի «վահեգրիգորյանացումից», դատական համակարգի «գագիկջհանգիրյանացումից» հետո հաջորդ թիրախը լինելու էին լրատվամիջոցները․ Աղվան Վարդանյան
«Հանրահայտ իրողություն է, աքսիոմա․ երբ թույլ, վախկոտ մարդը իշխանություն է ստանում, տիրապետում է ուժային լծակների, դառնում է հասարակության համար վտանգավոր», - «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«ՍԴ-ի «վահեգրիգորյանացումից», դատական համակարգի «գագիկջհանգիրյանացումից» հետո հաջորդ թիրախը լինելու էին լրատվամիջոցները, մամուլի և խոսքի ազատությունը», - հավելեց նա։
Պատգամավորն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ քաղաքացիական հասարակությունը՝ ՀԿ-ները, որոնք տարիներ շարունակ խոսքի ազատության պաշտպանության անվան տակ ստացել են միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ, այսօր լուռ են ։ Միջազգային կառույցներն ու կազմակերպությունները ևս անարձագանք են։
«Սա է մեր իրականությունը, և այս իշխանությունը, միակ խնդիր ունենալով՝ երկարաձգել իր գոյությունը, շարունակելու է այս ճնշումները խոսքի ազատության ու մամուլի դեմ։ Մե՛նք պիտի մտածենք մեր հակաքայլերի մասին», - ասաց Վարդանյանը։
Նա ներկայացրեց այս ուղղությամբ ընդդիմության ձեռնարկած քայլերից մեկը։
««Հայաստան դաշինքն օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ՝ վիրավորանքի քրեականացման մասին օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին՝ հիմնավորումներով, որ այս օրենքը հակասահմանադրական է և հակասում է «Մարդու իրավունքների և ազատություների կոնվենցիային»», - ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։