ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հանգրվանին հասցնելու մեր քայլերը. Բագրատ Սրբազան

Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հանգրվանին հասցնելու մեր քայլերը. Բագրատ Սրբազան

Մեծ հանրահավաք կլինի, որի ժամանակ կազդարարվի նաև անդադար պայքարի մասին: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, հայտնեց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այս մեկ շաբաթը չբոլորած՝ մենք կունենանք մեր առանցքային, մեծ հանրահավաքը։ Ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու ենք հանգրվանին՛՛:

Սրբազանը նշեց, որ վաղը ԵՊՀ–ի մոտ բաց դաս ունեն. ՛՛Ժամը 17։00 հանդիպում ունենք մեր բժշկական համայնքի հետ, ժամը 18։00–ին ՛Նեմեսիսի արձնի մոտ պիտի հանդիպենք 100-ից ավելի դասախոսների հետ՛՛։

Նրա խոսքով՝ առաջիկայում հանդիպելու են նախկին սպայական կազմի հետ: ՛՛Բավականին մեծ թվով են՛՛,-ասաց նա և շարունակեց. ՛՛Շաբաթ օրը առավոտյան ժամը 11-ին բոլոր քաղաքական կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման՛՛։

Բագրատ Սրբազանը նշեց, որ այսօր առավոտից հանդիպումներ է ունեցել կուսակցությունների հետ: ՛՛Հայրենիք կուսակցության հետ ենք հանդիպել, Շանթ Հարությունյանի հետ ենք հանդիպել, Պարույր Հայրիկյանին ենք հանդիպել, տարբեր անհատների ու տարբեր մասնագետների հետ՛՛,-ասաց նա:

Այնուհետև Բագրատ Սրբազանը վստահեցրեց. ՛՛Առաջիկա հանրահավաքին ես կհայտարարեմ հստակ ճանապարհային քարտեզը։ Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, անգամ եթե մենակ մնամ հրապարակում՛՛:

  • Կիսվել: