ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդու ջրամբարի ընթացիկ աշխատանքներին

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդու ջրամբարի ընթացիկ աշխատանքներին

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները գործադիր տնօրենի տեղակալ Բերտրան Ուոլքենաերի գլխավորությամբ այսօր այցելել են Վեդու ջրամբար՝ տեղում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջում:

«Նրանց ուղեկցում էին Տարածքային ենթակառուցվածքների կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը։

Պատվիրակության անդամներին ներկայացվել է Վեդու ջրամբարի պատվարի և ոռոգման համակարգերի շինարարության ամբողջ ընթացքը։

Վեդու ջրամբարը կառուցվում է ՀՀ Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են հանդիսանում Վեդի և Խոսրով գետերի գարնան ամիսների վարարային/ազատ հոսքերը: Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմում է 29․4 մլն խորանարդ մետր։

Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլն Եվրո։

Վեդու ջրամբարի իշխման տակ են գտնվում ավելի քան 3220 հա ոռոգելի հողատարածքներ։

Ջրամբարի պատվարի շինարարությունն արդեն ավարտական փուլում է։ Աշխատանքների 97% կատարված է։

Ավարտված են ջրի փոխադրող ու ոռոգման համակարգերի շինարարական աշխատանքները, իսկ փորձնական տարածքներում ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքները շարունակվում են և կավարտվեն այս տարեվերջին»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: