«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բ/կ եկանք. վարչապետ (ուղիղ)
Նորք ինֆեկցիոն հիվանդանոց այցելելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ նույնպես ծանոթացավ հիվանդանոցի պայմաններին ու շնորհակալություն հայտնեց բժիշկներին:
Բժիշկները նշեցին, որ եթե հիվանդը, օրինակ, ինսուլտ է տարել, բայց նաև կորոնավիրուսով վարակված է, նրան տանում են նյարդաբանական բաժանմունք, որը նախատեսված է կորոնավիրուսով հիվանդ, բայց նաև համապատասխան այլ խնդիրներ ունեցող պացիենտների համար:
Վարչապետին տեղեկացրին, որ ինֆեկցիոն հիվանդանոցների առանձնահատկությունն այն է,որ միջանցքներում ոչ ոք չկա: Այստեղ ևս Փաշինյանը շրջեց տարբեր սենյակներով, առանց պացիենտներին ցույց տալու՝ զրուցեց նրանց հետ, նույնիսկ՝ ծանոթ մարդու հանդիպեց: ՛՛Թու-թու-թու, լավ է, տեսքդ նորմալ է՛՛,-ասաց վարչապետը:
Բժիշկները հայտնեցին նաև, որ իրենց մոտ կորոնավիրուսի պատճառով հայտնված պացիենտներից շատերը նաև քրոնիկ հիվանդություններ են ունենում, անգամ՝ դիալիզ ստանալիս են լինում և իրենց մոտ շարունակում են այդ գործընթացը: Պատահում է նաև, որ հենց իրենց մոտ են հայտնաբերում, որ կողմնակի այլ հիվանդություններ էլ ունեն, որոնք հենց տեղում բուժում են:
«Վերակենդանացման բաժանմունքները լիքն են»,-փաստեց Փաշինյանը:
Վարչապետը մոտեցավ վերակենդանացման բաժանմունքի հիվանդներից մեկին, որը գոհ էր ԲԿ-ի անձնակազմից: «Ինձ մահացած վիճակում 2 օր առաջ հասցրել են այստեղ։ Հալալ է այս անձնակազմին։ Գոնե անուն-ազգանունն ասեք, որ ձեռքերը սեղմեմ։ Արտակարգ վերաբերմունք է»,-ասաց պացիենտը:
Նախարար Թորոսյան Փաշինյանին ներկայացրեց ԲԿ-ի արհեստական շնչառության սարքերը, շարժական ռենտգեն սարքերը։ Նա նշեց, որ ԲԿ-ն սարքավորումների խնդիր ընդհանրապես չունի։


