Սահմանվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության արտաքին և ներքին գնահատում
ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը: Սահմանվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության արտաքին գնահատում կիրականացվի 2023-2024 ուսումնական տարվանից սկսած:
Արտաքին գնահատում՝ վարկանիշային ցանկ
Համաձայն նոր կարգի՝ պետական նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումը կատարվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից ընտրված արտաքին գնահատում իրականացնող անկախ կազմակերպության միջոցով:
Կազմակերպության ընտրությունը կկատարվի սահմանված կարգով՝ սահմանած գնման առարկայի բնութագրերի հիման վրա՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակում:
Ոչ պետական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացվելու է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպությունների ցանկից տվյալ ուսումնական հաստատության հիմնադրի ընտրած կազմակերպության կողմից:
Արտաքին գնահատման ժամանակ հաշվի են առնվում սաներին մատուցվող կրթական ծառայությունների որակի և նախադպրոցական կրթության չափորոշչի համապատասխանությունը, ինչպես նաև կրթության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները:
Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի և ուսումնական հաստատության ներկայացուցիչները՝ վերջին 5 տարվա գործունեության արդյունքների հիման վրա:
Արտաքին գնահատման արդյունքներն ամրագրվում են հավաստագրի միջոցով: Գնահատման չափանիշներով սահմանված միավորների առնվազն 75 տոկոսը ստանալու դեպքում հաստատությանը հինգ տարի ժամկետով տրվում է հավաստագիր:
Գնահատման արդյունքների հիման վրա ձևավորվում էվարկանիշային ցանկ, որը հրապարակվում է նախարարության կայքում:
Ներքին գնահատում՝ ինքնավերլուծություն
Գործունեության ներքին գնահատումն իրականացնում է ուսումնական հաստատությունը՝ անկախ դրա կազմակերպական իրավական ձևից և ենթակայությունից:
Ներքին գնահատումն ուսումնական հաստատության ինքնավերլուծությունն է, որն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են ուսումնական հաստատության վարչական և մանկավարժական աշխատողները, սաների ծնողները:
Նշենք, որ ներքին և արտաքին գնահատումն իրականացվում է նախարարության հաստատած հարցաշարերի հիման վրա:
Ներքին և արտաքին գնահատման նպատակը նախադպրոցական կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովումն ու նախադպրոցական կրթության որակի բարելավումն է՝ կրթական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցության խթանումը: