երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սահմանամերձ Կոթի, Բաղանիս և Ոսկեվան գյուղերում առաջիկայում դեղատներ կբացվեն

Սահմանամերձ Կոթի, Բաղանիս և Ոսկեվան գյուղերում առաջիկայում դեղատներ կբացվեն

Լավ լուր սահմանամերձ ԿՈԹԻ, ՈՍԿԵՎԱՆ ԵՎ ԲԱՂԱՆԻՍ գյուղերի բնակիչների համար: Մոտ 2 ամիս առաջ այցելել էի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Նա ուրախությամբ տեղեկացրել է, որ Տավուշի մարզպետարանի կողմից իրականացվել են քայլեր սահմանամերձ Կոթի, Ոսկեվան և Բաղանիս գյուղերում դեղատների առկայությունն ապահովելու համար:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Այցի ընթացքում Կոթի, Ոսկեվան և Բաղանիս գյուղերում, ի թիվս այլ խնդիրների, առանձնացրել էի դեղատների բացակայության փաստը, ինչը սահմանամերձ բնակավայրերի դեպքում, ըստ իս, կենսական նշանակության հարց է։

Ուրախ եմ տեղեկացնել, որ Տավուշի մարզպետարանի կողմից իրականացվել են քայլեր սահմանամերձ Կոթի, Ոսկեվան և Բաղանիս գյուղերում դեղատների առկայությունը ապահովելու համար: Արդեն մեկ անհատ ձեռներեց Կոթի գյուղում դեղատուն բացելու համար դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ լիցենզավորման նպատակով:

Լիցենզավորումից հետո անհատ ձեռներեցը դեղատնային գործունեություն է ծավալելու նաև Ոսկեվան և Բաղանիս գյուղերում:

Բացի այդ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռ.Տիգրանյանը դիմել է մարզում գործող խոշոր դեղատների սեփականատերերին՝ սահմանամերձ գյուղերում դեղատնային կրպակներ բացելու առաջարկով:

Ինչ վերաբերում է Կոթի, Բաղանիս և Ոսկեվան համայնքներում առաջին բուժօգնության դեղորայքի առկայությանը, ապա մարզպետարանի մասնագետների կողմից իրականացվել է շրջայց , եւ այս պահին կարող ենք արձանագրել, որ նշված համայնքներում առաջին բուժօգնության դեղորայքի խնդիր չկա։

ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ Տավուշի մարզպետարան, շնորհակալություն արագ արձագանքելու և արդյունավետ աշխատանքի համար»։

  • Կիսվել: