Ռուսաստանի օրվա առթիվ Երևանում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն
Հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա առթիվ Երևանում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանատնից։
Տոնական միջոցառմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության օրենսդիր, դատական և գործադիր իշխանության, բարեկամ պետությունների դիվանագիտական կորպուսի, հասարակական-քաղաքական, գիտական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և հայրենակիցներ։
Իր ողջույնի խոսքում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ընդգծել է ռուսական պետականության հիմքում ընկած ավանդական արժեքների և բարոյական ուղեցույցների պահպանման կարևորությունը, անդրադարձել աշխարհում տեղի ունեցող բազմաբևեռ կարգի ձևավորման գործընթացներին, որոնք ազդում են տարածաշրջանի վրա, հիշեցրել այս տարի Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության և դրանում հայ ժողովրդի ներդրման մասին, լուսաբանել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների վիճակը և հեռանկարները, ինչպես նաև հավասար և անբաժանելի անվտանգության եվրասիական համակարգի ձևավորման գաղափարը։