շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Ռուսական Արմավիրում վերջերս հայատյացության մթնոլոտ է նկատվում, չնայած դրան` համայնքը չի պատրաստվում ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը․ համայնքի ղեկավար

Ռուսական Արմավիրում վերջերս հայատյացության մթնոլոտ է նկատվում, չնայած դրան` համայնքը չի պատրաստվում ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը․ համայնքի ղեկավար

Ռուսական Արմավիր քաղաքում վերջերս հայատյացության մթնոլոտ է նկատվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ Արմավիր քաղաքի հայկական համայնքի նախագահ Գրիգորի Կարապետյանը՝ անդրադառնալով ՌԴ Արմավիր քաղաքում՝ հայկական եկեղեցու տարածքում, տեղադրված՝ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ռուս պատգամավոր Վինոգրադովի կողմից պղծվելուն:

«Արմավիր քաղաքի հայ համայնքը շատ համախմբված է, մեր ձայնը լսելի է, և կարծում եմ՝ դա ոմանց կարող է դուր չգալ»,- նշել է նա՝ հավելելով, որ դեռ օրեր առաջ ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձան էր բացվել, որի վրա հավերժության նշան կար, սակայն ոմանք դա ներկայացրել էին որպես հայկական արևախաչ, հայտարարելով, թե հայերը դրանով ուզում են ցույց տալ, թե ովքեր են Արմավիրի իրական տերն ու տիրակալը:

«Այս պատճառով հայատյացության մթնոլորտ է տարածվել Արմավիրում»,- բացատրեց Կարապետյանը։ Նա նաև ասաց, որ Արմավիրում դեռևս 2014-ից օրենքի ուժով չգործող «Սլավոնական համայնք» ՀԿ-ն պահանջում էր ապամոնտաժել հուշատախտակը՝ նշելով, որ «Նժդեհը համագործակցել է ֆաշիստների հետ»:

Հայ համայնքի նախագահն ասաց, որ՝ վերոնշյալ կազմակերպությունն օգտագործել է Վինոգրադովին՝ նման դիրքորոշումն առաջ տանելու նպատակով, որն էլ իրագործել է այդ ոտնձգությունը: Անդրադառնալով այն հարցին, թե Վինոգրադովն ասել է, որ հայերն իրենք պիտի ապամոնտաժեին հուշատախտակը, և քանի որ չեն արել, ինքը նման քայլի է դիմել՝ Կարապետյանն ասաց, որ նման բան չկա, հայկական կողմը, բնականաբար, չի պատրաստվում ապամոնտաժել եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը: Կարապետյանը վստահ է, որ կոնկրետ Նժդեհի նկատմամբ նման հայտարարությունները տարածվել են Աշխաբադում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ Ալիևի՝ Նժդեհի մասին հայտարարություններից հետո։

«Ես մի քանի անգամ հանդիպել եմ տեղի քաղաքային իշխանության հետ, դիմել եմ նրանց՝ խնդրելով տեղեկացնել իրենց դիրքորոշման մասին այս խնդրի շուրջ։ Բայց առայժմ ոչ մի պատասխան չեմ ստացել»,-ասաց Կարապետյանը և հավելեց, որ հենց վերադառնա Արմավիր, դիմելու է համապատասխան մարմիններին՝ այս գործով զբաղվելու համար: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Արմավիր քաղաքում՝ հայ առաքելական եկեղեցու տարածքում, գրանցվել է վանդալիզմի դեպք:

Օրերս Արմավիրի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է եկեղեցու տարածք և սև ներկով ներկել է Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը. Այս քայլը նա բացատրել է այն հանգամանքով, որ նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթցքում տարածաշրջանային և տեղական իշխանությունները, ինչպես նաև «Ռուսաստանի հայերի միության» անդամները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը: Ավելի վաղ Վինոգրադովը հայտարարել էր, որ եթե հարցը լուծում չգտնի, ինքն անձամբ կանի դա:

  • Կիսվել: