հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
 «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենը Հայաստան կայցելի

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենը Հայաստան կայցելի

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստան կայցելի նոյեմբերի սկզբին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որը վերահսկում է էներգետիկայի ոլորտը։

Ըստ այցելության նախնական ծրագրի՝ Լիխաչովի և նրա պատվիրակության այցը կկայանա նոյեմբերի առաջին օրերին։ Այցի ընթացքում կքննարկվի Մեծամորի ԱԷԿ-ի վերանորոգման ընթացքը, 2026 թ․-ից հետո ատոմակայանի ծառայության ժամկետի երկարաձգման հնարավորությունները, ինչպես նաև նոր կայանի կառուցման հեռանկարները։

Նախատեսվում են նաև «Ռոսատոմի» ղեկավարի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։

Նշենք, որ «Ռոսատոմը» շարունակում է մասնակցել Մեծամորի ատոմակայանի հիմնանորոգմանը, որը պետք է ավարտվի հաջորդ տարի: «Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունը՝ «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը, եղել է վերանորոգման աշխատանքների մեծ մասի գլխավոր կապալառուն և շարունակում է խորհրդատվություն տրամադրել կայանի ղեկավարությանը, իսկ «Ռոսատոմի» ձեռնարկությունները մրցութային հիմունքով շարունակում են սարքավորումներ մատակարարել կայանի համար:
Մասնավորապես, այս տարի կորպորացիայի կազմի մեջ մտնող մի շարք ինստիտուտների և ձեռնարկությունների մասնագետները նախագծել և իրականացրել են ռեակտորի կորպուսի թրծումը, ինչը կերկարաձգի դրա ծառայության ժամկետը:

Հիշեցնենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը հայտարարել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60%-ը գնելու մասին, որի մեկ քառորդը (այսինքն՝ ընդհանուր փաթեթի 15%-ը) փոխանցել էր Հայաստանի կառավարությանը: Շատերը սա համարում են Հայաստանի պատմության ամենամութ գործարքը։

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընկերության տնօրինությունը ՀՀ կառավարությանն առաջարկ է արել, որի քննարկման արդյունքում պարզվել է, որ այն համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին։

Նրա խոսքով` այդ առաջարկը ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ. առաջինը` պղնձաձուլարանի կառուցում, ինչը նշանակում է, որ ՀՀ–ն այլևս ոչ թե խտանյութ պիտի արտահանի և ուրիշ տեղից ներկրի պատրաստի պղինձ, այլ ՀՀ–ում պետք է թողարկվի պղինձ, երկրորդը` այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը։

  • Կիսվել: