Տիգրան Տեր-Մարգարյանն աշխատանքային վերջին հանդիպումն է ունեցել աշխատակազմի աշխատակիցների հետ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այսօր՝ մայիսի 19–ին, աշխատանքային վերջին հանդիպումն է ունեցել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների, Նոր Նորքի ուսումնական, մարզական և մշակութային հաստատությունների տնօրենների հետ:
«Վարչական շրջանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ վստահություն հայտնելով, որ մեկնարկած բոլոր ծրագրերը արդյունավետ ավարտին կհասցվեն՝ ի շահ Նոր Նորք վարչական շրջանի զարգացման և առաջընթացի»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ հայտարարել է, որ դադարեցնում է իր լիազորությունները:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:
Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:
Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն և անվայելուչ արտահայտություններով ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:
Միջադեպի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը խուլիգանության հոդվածքով՝ Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը՝ «ֆիզիկական ներգործության» հոդվածով՝ տեղի ունեցած ծեծի մասով, այդ թվում մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետի նկատմամբ: