կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌՈՒԵ-ն հույս ունի վերսկսել իր մասնակցությամբ բանակցությունները ՀՀ-ի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների միջեւ

ՌՈՒԵ-ն հույս ունի վերսկսել իր մասնակցությամբ բանակցությունները ՀՀ-ի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների միջեւ

Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական կապերի Սինոդալ բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնն (Ալֆեեւ) ասել է, որ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին հույս ունի վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների միջեւ` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ռոսիա-24» հեռուստաընկերության «Եկեղեցին եւ խաղաղությունը» հաղորդման եթերում միտրոպոլիտը, մասնավորապես, նշել է. «Եղել է եւ կա եռակողմ բանակցությունների մեխանիզմ, երբ հանդիպում են հայոց պատրիարքը, Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության ղեկավարը եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը, քննարկում են առկա խնդիրները եւ համապատասխան որոշումներ են կայացնում:

Կարծում եմ, որ այժմ այս ձեւաչափին վերադառնալու ժամանակն է... Ես հուսով եմ, որ Մոսկվայի պատրիարքի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների բանակցություններն առաջիկայում կվերսկսվեն, եւ այդ ժամանակ հնարավոր կլինի լուծել երկու երկրների տարածքում գտնվող կրոնական օբյեկտների վերականգնման եւ բնականոն գործունեության հետ կապված հարցերը»:

Նա նաեւ հույս է հայտնել, որ հոգեւոր առաջնորդները պատրիարքի միջնորդությամբ կկարողանան նպաստել իրավիճակի խաղաղացմանը եւ կայուն խաղաղության հաստատմանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հողում, այլեւ` երկու երկրներում խաղաղության հաստատման գործում, որոնց միջեւ կոնֆլիկտային իրավիճակ եւ վիճելի տարածք գոյություն ունի: 

 

 

  • Կիսվել: