երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ռազմական բժիշկը փրկեց շատ կյանքերը՝ չխնայելով սեփականը

Ռազմական բժիշկը փրկեց շատ կյանքերը՝ չխնայելով սեփականը

Կոտայքի մարզի Զովունի գյուղի հուշահամալիրում տեղի է ունեցել խաչքարի բացման արարողություն՝ նվիրված  կյանքը հանուն հայրենիքի զոհած հերացիականներից՝ բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արամայիս Հայրապետյանին։

Արարողությանը ներկա էր ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարությունը` գնդապետ Վարդան Ծատուրյանի գլխավորությամբ, կուրսանտներ, դասախոսներ։

Յուրաքանչյուր ռազմական բժշկի, հերացիականի հիշատակը բժշկական բուհում, Ռազմաբժշկական ֆակուլտետում փորձում են վառ պահել՝ նրանց օրինակը փոխանցելով սերունդներին։

Հուշաքարի բացման նախաձեռնությունը մերօրյա հերոսի ընտանիքինն է, մասնավորապես՝ հորեղբայր Արթուր Հայրապետյանինը։

Զովունին 28 տարեկան ռազմական բժշկի ծննդավայրն է։ Երեք տարի Արամայիս Հայրապետյանը մասնագիտական պարտքը կատարել է Մարտունիում։ Նախորդ տարի էր տեղափոխվել Երևան՝ ընդունվելով ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա. ապագա քիթ-կոկորդ-ականջաբան էր: Մայիսը, ինչպես նրան դիմում էին ընտանիքում, նշանադրվել էր իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին։

Հաջորդ օրը սկսվեց պատերազմը՝ փոխելով շատերի` այդ թվում նրա կյանքի ընթացքը: Արցախում հոկտեմբերի 1-ից սկսած Արամայիս Հայրապետյանը թեժ մարտերի ժամանակ կրակահերթի տակ տեղափոխել է շատ վիրավորների, օգնել է կռվի դաշտից դուրս բերել բազմաթիվ անմահացած հերոսների մարմինները։

Ընկերները փաստում են՝ Արամայիսը փրկել է բազմաթիվ զինվորների, սպաների ու կամավորների կյանքը:

 

Նրանց մեծ մասն առողջացել են, մյուսները շարունակում են իրենց բուժումը՝ ստանալով նոր կյանքի հնարավորություն և շնորհակալ լինելով անմահացած բժշկին՝ մասնագիտական ու մարդկային սխրանքների համար։

Հանուն հայրենիքի ու մյուս մարտիկների կյանքերի փրկության համար կյանքը զոհած հերոսն անմահացել է պատերազմի 40-րդ օրը՝ պայքարերով մինչև վերջ: Նենգ թշնամու կողմից դարանակալված չարաբաստիկ ականը չխնայեց նրան։ Հարազատներն ու ծանոթները վստահ են՝ Մայիսի փրկած կյանքերը կշարունակեն նրա կիսատ թողած գործն ու առաքելությունը:

Նշենք, որ Արամայիս Հայրապետյանին ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, ինչպես նաև ԼՂՀ Նախագահի հրամանագրով հերոսը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

  • Կիսվել: