ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Քրդերը և թաթերն  ասիմիլացվել են, բայց հասել են իշխանության ամենամեծ բարձունքներին. Բաբայանը՝ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների մասին 

Քրդերը և թաթերն  ասիմիլացվել են, բայց հասել են իշխանության ամենամեծ բարձունքներին. Բաբայանը՝ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների մասին 

Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի հեղինակած գրքի՝ «Ադրբեջանի էթնո-ազգային քաղաքականությունը և ազգային փոքրամասնությունների ռեակցիան» ռուսալեզու աշխատության 1-ին՝ «Քրդերը և թաթերը» խորագրով մասի շնորհանդեսը:

Գրքի հեղինակը նշել է, որ աշխատության երկրորդ մասը նվիրված է լինելու Ադրբեջանում ապրող բնիկ մյուս ժողովուրդներին՝ լեզգիներին, ավարցիներին և թալիշներին:

Ըստ Բաբայանի՝ քրդերի և թաթերի մասին ուսումնասիրությունը առանձնացվել է լեզգիներից, ավարներից և թալիշներից, քանի որ նրանք տարբեր մոտեցումներ ունեն Ադրբեջանի պետական իշխանությունների կողմից իրականացվող ուծացման քաղաքականության վերաբերյալ:

«Այս ազգերը պայմանականորեն բաժանել ենք երկու մասի՝ ըստ իրենց ռեակցիայի: Քրդերը և թաթերը մի այլ քաղաքականություն են որդեգրել. նրանք, փաստորեն, ընդհանուր առմամբ ասիմիլացվել են, բայց փոխարենը, կարելի է ասել, հասել են իշխանության ամենամեծ բարձունքներին: Սա է նրանց յուրահատկությունը: Մյուս երեք ազգերը՝ լեզգիները, ավարցիները և թալիշները, այդ քաղաքականությունը չեն որդեգրել լրիվությամբ և պայքարում են իրենց ինքնության պահպանման համար»,-ասել է նա:

 

  • Կիսվել: