ՔՊ-ական պատգամավորը վստահ է՝ ԶՊՄԿ աշխատակցին ադրբեջանցի զինծառայողն է սպանել
«Այո, ինքն է արել».«Հինգերորդ ալիքի» հետ զրույցում նման կերպ է արձագանքել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք հաստատվել է, որ կոմբինատի աշխատակցին սպանել է ադրբեջանցի զինծառայողը։
Պատգամավորը վստահեցրել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդին սպանել է Հայաստանի Հանրապետության սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը, որը հայտնաբերվել է երեկ՝ ապրիլի 13-ին:
Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող:
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջեւանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։
Ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Առաջին ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնքում: Նրան վնասազերծել են տեղացիները: Բնունիս եւ Աշոտավան համայնքները բավական հեռու են ադրբեջանական դիրքերից՝ մոտ 20 կմ հեռավորությամբ:
Երկրորդ ադրբեջանցուն կրկին հայտնաբերել են քաղաքացիները: Նրան ճանապարհին նկատել եւ վնասազերծել են Աճանան գյուղի երեք երիտասարդները: Ըստ նրանց պատմելու՝ ադրբեջանցու ձեռքին եղել է սպանված պահնորդի հեռախոսը: