երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քննարկվել են Շիրակում ժամանակավոր կացարաններում բնակվողների բնակարանային խնդիրներին վերաբերող հարցեր

Քննարկվել են Շիրակում ժամանակավոր կացարաններում բնակվողների բնակարանային խնդիրներին վերաբերող հարցեր

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանի, այլ պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր։

Մարզի 8 գյուղական բնակավայրերում այժմ ընթացքի մեջ են 25 բնակելի տների կառուցման աշխատանքները, դրանցից 5-ի աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, մնացածի աշխատանքները կավարտվեն մեկ-երկու ամսից։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կարևորել է աշխատանքների ժամանակին ու որակով իրականացումը։

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։

  • Կիսվել: