հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Պետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ին

Պետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 22–ի նիստում որոշում կայացրեց, որով 84,5 մլն դրամ ՀՀ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ պետական ընկերությանը շահութահարկը վճարելու համար։

Հիշեցնենք` ԱՆԻՖ հիմնադրամը ստեղծվել էր 2019 թվականին և ֆինանսավորվում էր պետական միջոցներով՝ ենթադրաբար տնտեսական բարեփոխումներին նպաստելու համար: Հիմնադրամի կառավարման համար ներգրավվել էին մասնավոր մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։ Սակայն, ըստ ԶԼՄ-ների, միջոցների զգալի մասն ուղղվել է կասկածելի հեղինակություն և օֆշորային գրանցում ունեցող ընկերություններին` ԱՆԻՖ–ը 1,5 մլրդ դրամ (մոտ 3,8 մլն դոլար) է ներդրել CFW ընկերությունում, որի բաժնետերերը գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում։

5 տարվա ընթացքում ԱՆԻՖ-ը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա, որոնց թվում են «Masdar» ընկերության (ԱՄԷ) «Այգ-1» արևային կայանը, որի շինարարությունը հետ է մնացել համաձայնեցված ժամկետներից, «Երեմյան» ընկերության անասնապահական համալիրը, «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը (ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա»-ի համատեղ ձեռնարկությունը), որը փակվեց 2024 թվականի հունվարին՝ գոյատևելով շուրջ երեք տարի։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, Երևանի գործող քաղաքապետ և Փաշինյանի թիմի անդամ Տիգրան Ավինյանի կնոջ մտերիմ ընկերն է:

Հիշեցնենք նաև` հիմնադրամի գործունեության ոչ արդյունավետ լինելու մասին հայտարարել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսին հայտնել էր, որ ՔԿ-ում հետաքննվում են հիմնադրամի գործունեության մի քանի ասպեկտներ։ Դրանցից առաջինն աշխատողների բարձր աշխատավարձերն ու պարգևավճարներն են, ինչպես նաև մի շարք ընկերությունների հետ համատեղ գործունեության հնարավոր խախտումները: Դրվագներից մեկով խոսքը 2 մլն դոլարի մասին է։

  • Կիսվել: