հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուսումնական տարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. ԿԳՄՍ նախարարը՝ Երևանի դպրոցներից մեկում

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուսումնական տարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. ԿԳՄՍ նախարարը՝ Երևանի դպրոցներից մեկում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում ներկա են եղել մշակութային կրթության տարվա շրջանակում կազմակերպված ամփոփիչ նախագծային դասին՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 101-ամյակին: 
 
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ նախագծային աշխատանքն իրականացվել է Երևանի թիվ 168 հիմնական, Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված և Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցների համագործակցությամբ:
 
Աշակերտները ներկայացրել են Ազնավուրի ստեղծագործական ժառանգությունը՝ երգչախմբային և նվագախմբային կատարումներով, ինչպես նաև հայերենով և ֆրանսերենով պատմել նրա կյանքի և գործունեության մասին։ Աշակերտները նաև նշել են՝ ուսումնական տարվա ընթացքում ակտիվ մասնակցություն են ունեցել մշակութային տարբեր միջոցառումների՝ այցելելով թանգարաններ, կինոթատրոններ ու համերգասրահներ։ Այս այցելությունները, ըստ նրանց, նպաստել են աշխարհընկալման ձևավորմանը և արվեստի հանդեպ ավելի խորը հետաքրքրության առաջացմանը։
Միջոցառման ավարտին աշակերտներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով փոխանցած զգացողությունների, գործադրած ջանքերի և մշակութային տարվա գաղափարներին հավատարիմ մնալու համար:
 
«Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուսումնական տարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. ձեզանից կարելի է միայն սովորել: Վստահ եմ՝ սա գեղեցիկ ճանապարհի միայն սկիզբն է, և առջևում ձեզ մեծ հաջողություններ են սպասվում»,- ասել է նախարարն ու շնորհակալություն հայտնել նաև դպրոցների տնօրեններին ու ուսուցիչներին հսկայածավալ աշխատանքի համար:
 
Ժաննա Անդրեասյանը նշել է՝ դպրոցների համատեղ միջոցառումը նախագծային աշխատանքի հիանալի օրինակ է՝ ընդգծելով, որ ցանկության և համախմբված աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել նկատելի արդյունքների. «Դուք հրաշալի նախաձեռնություն եք ցուցաբերել՝ միասին ամփոփելով ուսումնական տարին՝ ներդաշնակ ու միասնական: Այս աշխատանքը փաստում է՝ միտքն ու ստեղծագործականությունը սահմաններ չեն ճանաչում»:
 
ԿԳՄՍ նախարարը նաև շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ, հաստատակամություն և նոր բարձունքներ կյանքի հաջորդ փուլերում: Այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նաև Երևանի թիվ 168 դպրոցի ձեռարվեստի և նկարչության խմբակների աշակերտների աշխատանքներին, զրուցել երեխաների հետ:
 
Նշենք, որ մայիսի 23-ին՝ Վերջին դասի առիթով, Երևանի երաժշտական թիվ 13 դպրոցի նվագախումբը շրջելու է բացօթյա ավտոբուսով՝ շնորհավորելով տարբեր դպրոցների շրջանավարտներին:

  • Կիսվել: