Քաղաքը աղտոտելու համար 30000 տուգանքը սարքեք 200000, էդ ժամանակ կմտածեն՝ աղտոտե՞ն, թե՞ չէ․ քաղաքապետ
Կա կառավարության որոշում, որով կարգավորվում է բեռների փոխադրման կարգը մարզից մարզ, սակայն Երեւանում դա չի կիրառվում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Նրա խոսքով, մարզերից Երեւան մտնող բետոնախառնիչներն ու այլ բեռնատարները ճզմում են տաք ասֆալտը թեք հատվածներում:
«Առաջարկում եմ ձեր հանձնարարականը, միասին նստենք, այդ որոշման շրջանակներում փորձենք լուծումներ գտնել Երեւան քաղաքում տեսչական մարմնի կողմից վերահսկելի դարձնելու համար: Երեւան եկող ֆուռերը չեն կշռվում, մարզերից եկող մեքենաները, բետոնախառնիչները չեն կշռվում»,-ասաց նա:
Ի պատասխան քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանը ասաց. «Այստեղ ստացվում է, որ մենք էդ թղթաբանության հարցն ենք լուծելու: Եթե վարորդները ճիշտ չվարեն, էդ խնդիրն ունենալու ենք»:
Տեղեկանալով, որ վարորդների կողմից երթեւեկելի հատվածի աղտոտման հմար նախատեսված է 30 հազար դրամի տուգանք, նա հավելեց. «Ես կարծում եմ, որ եթե այդ 30 հազարի փոխարեն 200 հազար լինի, այդ վարորդը, ենթադրում եմ, ամսական մի 200 հազար ստանալու է, ճի՞շտ է: Կարծում եմ՝ կմտածի՝ ոնց վարի, որ քաղաքը չաղտոտի»: