Քաղաքապետարանը պետք է ինձ պարգեւատրեր, ոչ թե ոստիկաններ բերեր՝ ձերբակալեր. Աշոտ Բլեյան
Երեւանի քաղաքապետարանը պետք է այսօր հանդիսավոր կերպով, բոլորի ներկայությամբ Բլեյան Աշոտին` ինձ, պարգեւատրեր, ոչ թե ոստիկաններ բերեր, մեզ ձերբակալեր: Այս մասին այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պուրակում՝ ասուլիսի ժամանակ ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։
Նշենք, որ հուլիսի 21-ին իրավապահները ձերբակալել էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենին եւ քանդակագոծ Վիգեն Ավետիսին, ովքեր դեմ էին կրթահամալիրի հարեւանությամբ գտնվող թիվ 93 մանկապարտեզը ցանկապատելուն եւ փակելուն Հյուսիսային դպրոցից մայր դպրոց տանող ճանապարհը:
«Ինչ իշխանության մասին է խոսքը: Ընդ որում կան փաստատթղթեր, որոնք փաստում են` բոլորն արված է ապօրինի, ոստիկանությունն իրավունք չուներ այդտեղ գտնվելու, դա բոլորին է հասկանալի»,-ասաց Բլեյանը
Նա նշեց, որ այն մարդիկ, որոնք կազմակերպել են այդ գործը, նրանք պետք է հրաժարական տան։
Աշոտ Բլեյանն անդրադարձավ նաեւ Սեբաստացի կրթահամալիրի փառատոնային պուրակին, որտեղ կրթահամալիրի ողջ անձնակազմն անում է ամեն ինչ տարածքը մաքուր պահելու եւ բարելավելու համար․
«Մեր վերջին նախաձեռնությունը Վիգեն Ավետիսի հետ էր` «Բնակավայրն առանց ճաղերի»: Այսինքն պետք չէ ցանկապատել, բոլոր տեսակի այդ ցանկապատները, որոնք, հանրային տարածքը փակում են, անընդունելի են, քանի, որ այն հանրությանն է պատկանում: Այն անհոգի վերաբերմունքը, որը հաստատությունների ղեկավարները, կամ բնակիչներն ունեին, ինչո՞ւ փոփոխված իշխանության առաջին քայլը չի լինում բնակիչներին հորդորել մաքրել եւ մաքուր պահել իրենց միջավայրը:
Իսկ մենք մեր օրինակով ցույց տվեցինք, որ քաղաքապետարանի կողմից մեզ տրված նպատակային օգտագործման հանրային հողի յուրաքանչյուր քառակուսի մետրը ոչ միայն նպատակային ենք օգտագործում, այլեւ սովորող եւ ուսուցիչ, կանաչապատում ենք, ջրում են իրենց ուսումնական աշխատանքով, նաեւ վերադարձնում ենք հասարակությանը, քանի որ դա հանրային սեփականություն է»։


