հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է. «Ժողովուրդ»

Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրնիբուն ու տքնաջան աշխատելու իմիտացիա ստեղծող Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իրականում քաղաքապետարանի աշխատանքից մեծ հաշվով տեղյակ չէ: Ինչքան էլ տեսախցիկների առջեւ բարկանում ու մատ է թափ տալիս, թե դժգոհ է թաղապետերի, քաղաքապետարանի տարբեր վարչության աշխատակիցների գործունեությունից, դրանից մայրաքաղաքի հիմնախնդիրները՝ աղբահանությունը, կանաչապատումը, տրանսպորտային ցանցի կարգավորումը, վերջնական լուծում չեն ստանում:

Մամուլը շատ է գրել, որ, Հրաչյա Սարգսյանից բացի, քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան, որոնք իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչներ են: Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, օրինակ, քաղաքական իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ նախկին փոխվարչապետ, քաղաքապետի ապագա թեկնածու Տիգրան Ավինյանի, մյուս փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացուցիչներն են: Քաղաքի կառավարման հարցերում այժմ իր ակտիվ դերակատարումն ունի նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արամ Հարությունյանը, որն, ի դեպ, մեր տեղեկություններով, գովազդներով զբաղվող ընկերություն ունի (դրան առաջիկայում դեռ կանդրադառնանք): Նա նոր Հայաստանի նոր Միքայել Մինասյանն է հավակնում դառնալ: Արայիկ Հարությունյանի եղբայրը քաղաքապետարանում արդեն իսկ ներկայացուցիչ-ընկերներ ունի՝ ի դեմս իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի, Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանի, Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանի: Վերջինիս, որ քաղաքապետարանի պարետի որդին է, այժմ ցանկանում են ավելի յուղոտ պաշտոնի տեղավորել՝ նշանակելով Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն պետ:

Գարեգին Խաչատրյանը (Պոլիտեխնիկն է ավարտել) ճարտարապետ չէ, ու որպեսզի Խաչատրյանի նշանակումն այդ պաշտոնին առավել քան անարգել անցնի, վարչության պետի պաշտոնի անձնագիրը փոփոխվել է, համապատասխանեցվել պարետի որդու կրթական ու մասնագիտական չափանիշներին: Ստացվում է՝ Հայաստանում ոչ թե մարդիկ են հարմարվում պաշտոնին ու դրան հասնելու համար ճանապարհ անցնում, այլ պաշտոնները՝ մարդկանց՝ ըստ ՔՊ պրոֆեսիոնալիզմի: Ի դեպ, ոչ միայն այս պաշտոնի անձնագրից, այլեւ Երեւանի քաղաքապետարանից առհասարակ հանվել է ճարտարապետի պահանջը. դրա վառ ապացույցն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը գլխավոր ճարտապետ չունի: Տեղեկության մասով նաեւ քաղաքապետարանից մեկնաբանություն խնդրեցինք, բայց երկու օր սպասեցնելուց հետո մեզ այդպես էլ չարձագանքեցին:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: