կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քաղաքացիական կրթությունը պետք է ներառենք դպրոցական ծրագրերում. ԱԺ պատգամավորը՝ Աթենքում

Քաղաքացիական կրթությունը պետք է ներառենք դպրոցական ծրագրերում. ԱԺ պատգամավորը՝ Աթենքում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մասնակցել է Աթենքում կայացած «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders ) կազմակերպության  գագաթնաժողովին եւ հանդես եկել ելույթով:

«Հարգելի՛ ներկաներ, սիրելի՛ գործընկերներ,

Կցանկանայի երախտագիտությունս հայտնել այս ուշագրավ միջոցառման կազմակերպիչներին եւ հյուրընկալողներին: Սա իսկապես անգնահատելի հարթակ է կին առաջնորդների համար՝ կապվելու, համագործակցելու եւ մեր համայնքներում դրական փոփոխություններ բերելու:

Որպես ՀՀ Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավոր՝ կարող եմ իրապես փաստել, որ այսօր մենք կանգնած ենք մի հրատապ մարտահրավերի առաջ՝ ինչպե՞ս ապահովել, որ մեր երիտասարդ սերունդների ձայնը ոչ միայն լսելի լինի, այլ նաեւ ինտեգրվի քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Որպես քաղաքական գործիչներ՝ մեզ համար կարեւոր է երիտասարդների ներգրավվածության խթանմանն ուղղված նախաձեռնություններին առաջնահերթություն տալը:

Լուծումը ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության ավելացման մեջ է. կան մի քանի նախաձեռնություններ, որոնց իրականացմամբ կարող ենք հասնել այս նպատակին:

Նախ, մենք պետք է ճանաչենք կրթության ուժը: Քաղաքացիական կրթությունը դպրոցական ծրագրերում ներառելով՝ կարող ենք մեր երիտասարդներին զինել անհրաժեշտ գիտելիքներով եւ հմտություններով, տալ նրանց վստահություն՝ ակտիվորեն մասնակցելու ժողովրդավարական գործընթացներին:

Ավելին, մենք պետք է ստեղծենք երիտասարդական խորհուրդներ, խորհրդատվական եւ աշխատանքային խմբեր, որտեղ նրանք կարող են կիսվել իրենց մտքերով ու գաղափարներով եւ իրենց հուզող հարցերի շուրջ աշխատել քաղաքականություն մշակողների հետ:

Մենք պետք է նաեւ ներդրումներ կատարենք մենթորության ծրագրերում եւ առաջնորդության զարգացման նախաձեռնություններում, որոնք նրանց հնարավորություն կտան ավելի ակտիվ լինել իրենց համայնքներում:

Ես, իսկապես, գիտակցում եմ մեր երիտասարդներին վստահություն ներշնչելու եւ ժողովրդավարության մեջ նրանց մասնակցության արժեքը ցույց տալու կարեւորությունը:

Առաջ շարժվելով՝ եկեք ձեռնամուխ լինենք այս ազնիվ գործի իրականացմանը՝ խթանելու մի միջավայր, որտեղ մտքերի բազմազանությունը ողջունվում է, կառուցողական երկխոսությունը՝ խրախուսվում: Քանզի մեր երիտասարդներին հզորացնելով` մենք ինքներս մեզ ենք հզորացնում եւ միասին մենք կարող ենք կառուցել ավելի լավ ապագա:

Շնորհակալություն»,- ասել է Մարիամ Պողոսյանը:

  • Կիսվել: