Պրծանք ձեզանից և ձեր բարքերից. Ալեն Սիմոնյանը «նախկինների» մասին պատմող շարք է սկսել
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը որոշել է մի շարք սկսել և պատմել նախկին իշխանությունների կողմից իրագործած «սխրանքների» մասին, որոնք արվել են հենց իր հանդեպ կամ որոնց ինքն անձամբ է ականատես եղել: Իր ֆեյսբուքյան էջում Սիմոնյանը գրել է.
«Այսօր՝ երկու փոքր դրվագ իմ կյանքից:
Դեպք 1. Մի հարազատ եղբայր ունեմ, ով ոչ մի կապ չի ունեցել ու չունի քաղաքականության հետ, տարիներ շարունակ աշխատում է մի մասնավոր կազմակերպությունում, շուրջ երկու տարի է, ինչ ամուսնացել է և բալիկ ունեցել: Վերջերս իմացա, որ հեղափոխությունից առաջ իմ քաղաքական գործունեության պատճառով նախկինների կողմից սեփականատիրոջ առջև պահանջ է դրվել՝ ազատել նրան աշխատանքից, որովհետև նա Ալենի եղբայրն է: Ի պատիվ սեփականատիրոջ պետք է ասեմ, որ նա այդ քայլին չի գնացել:
Դեպք 2. Մի պրոդյուսերական գրասենյակ ունեինք կնոջս հետ Հին Երևանցի փողոցի շենքերից մեկի առաջին հարկում: Տարբեր մարդիկ էին գալիս, սկսնակ երգիչ-երգչուհիներ, նաև հայտնիներ: Հյուրերիցս մեկը մի օր մի փոքրիկ պայուսակ էր մոռացել գրասենյակի միջանցքում՝ մուտքի դռան կողքը, զանգեցի ասացի, որ գա վերցնի: Երեկոյան, երբ նա եկավ, պայուսակը միջանցքում չէր, գողացել էին: Օրերս իմացա, որ նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ով այսօր Հռոմի պապից կաթոլիկ տեքստեր է գրում, այդ օրերին գլուխ է գովացել, որ ինքը գիտի Ալեն Սիմոնյանի պայուսակի պարունակությունը ))):
Սա երկու փոքր դեպք էր նախկինների աշխատելաոճի, հայ մարդու նկատմամբ վերաբերմունքի մասին, պատմություն, թե ինչպես չեն վարանել երիտասարդ տղային աշխատանքից դուրս շպրտելու փորձ անել, ինչ է թե ինքը իմ հարազատ եղբայրն է: Ինչպես չեն վախեցել և գրասենյակից գողություն են արել, որ ինչ-որ բան գտնեն և ինձ վրա ազդեն, հետո դրանով հպարտացել: Իսկ հիմա սրբացել են հանկարծ Հռոմի պապից սուրբ տեքստեր են գրում և խոսում են հայրենիքից, Աստծուց և սկզբունքներից: Սա առաջին, բայց վերջին պատմությունը չէր, վաղը երկրորդն եմ գրելու՝ արդեն քոչարյանական ժամանակահատվածի, բայց կարևորը այն է, որ պրծանք ձեզանից և ձեր բարքերից: Մեկընդմիշտ պրծանք»: