«Պռոստը» մենք սենց թուլացնում ենք ավագանու ինստիտուտը, ստացվում է՝ «գրդոն» արեցինք, գնացինք. Միքայել Մանրիկյան
Եթե չզեկուցվող հարցերը մեկ փաթեթով ենք քվեարկում, այդտեղ հարցեր կան, որոնց կողմ ենք, որոշներին դեմ ենք կամ ձեռնպահ. Փաստորեն որոշ հարցերի կողմ ենք, բայց որ մի փաթեթով եք բերում, ստիպված ենք դեմ քվեարկել: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:
«Սա սխալ մոտեցում է, եթե անգամ չզեկուցվող են, եկեք տարանջատենք: Ունենք 9 չզեկուցվող հարց, ունենանք 9 հատ քվեարկություն, այսինքն քվեարկությունը յուրաքանչյուրի համար լինի առանձին»,-ասաց նա՝ առաջարկելով, որ չզեկուցվող հարցերի մեջ ներառվեն նաեւ Երեւանում փողոցների անվանակոչությունները:
Քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը առարկեց, որ փողոցների անվանակոչությունը պետք է արվի հանրային ձեւով:
Մանրիկյանը շարունակեց. «Լավ, իսկ Ֆորշին բնակարան նվիրելը հանրային ձեւով չպետք է անե՞նք, վատ բան ենք անո՞ւմ: Դնում ենք մի փաթեթի մեջ, գնում է: Պռոստը սենց մենք թուլացնում ենք ավագանու ինստիտուտը: Սա դառնում է, որ «գրդոն» արեցինք, գնացինք»: