Փոլ Ռիչարդ Գալագերը Գյումրիում մասնակցեց հայ կաթողիկեների առաջնորդի մատուցած պատարագին
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ նոյեմբերի 10-ին, Գյումրիում հանդիպում ունեցավ հայ կաթողիկե համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցեց Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցում ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արք. Մինասյանի մատուցած սուրբ պատարագին:
Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը նոյեմբերի 9-10-ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ քարտուղարն ասել էր, որ ուրախ է փոխանցել Նորին Սրբություն պապ Ֆրանցիսկոսի ողջույնները Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև նրա հավաստիքն ու աղոթքը՝ հայ ժողովրդի հետագա զարգացմանը, խաղաղությանն ու ներդաշնակության։ Արք. Պոլ Ռիչարդ Գալագերը իր խոսքում նաև նշել էր, որ այս այցը նպատակ ունի արտահայտել բարեկամությունը, որը բնորոշում է երկկողմ հարաբերությունները Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև։