Պայթյունից տուժած 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երևանի հյուրանոցներից մեկում
Ռայնիսի փողոցում շենքի մասնակի փլուզումից տուժած, ժամանակավոր կացարանի կարիք ունեցող բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երեւանի հյուրանոցներից մեկում, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով շենքը մասնակի փլուզվել է, ամբողջությամբ փլուզվել են նույն շքամուտքի մի քանի բնակարաններ:
Փլատակների տակ մնացած երեք քաղաքացիներից մեկին՝ 56-ամյա Արթուր Ղազարյանին, փրկարարները հայտնաբերել են մահացած: 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Երկու տուժած հոսպիտալացվել են, նրանցից մեկը վիճակը ծայրահեղ ծանր է:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով:


