Իրանը Բուլղարիային կոչ է արել ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ չտեղակայել երկրի ավիաբազայում
Իրանը զգուշացրել է Բուլղարիային հնարավոր հետևանքների մասին, եթե Սոֆիան թույլ տա ԱՄՆ-ին օգտագործել իր տարածքը՝ Թեհրանի դեմ ռազմական գործողությունների համար, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման քայլը կդիտարկվի որպես «ագրեսիայի և ռազմական հանցագործությունների» մեղսակցություն:
Ըստ աղբյուրի՝ հայտարարությունը հնչել է, երբ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ որոշել է խորհրդարանին դիմել՝ երկրի ավիաբազաներից մեկում ամերիկյան մինչև ութ լիցքավորող ինքնաթիռի տեղակայմանը հավանություն տալու առաջարկով:
Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Բուլղարիայի իշխանություններին չդառնալ «ագրեսորների և միջազգային իրավունքը խախտողների հանցակից»՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին ցանկացած աջակցություն կունենա քաղաքական հետևանքներ:
Նշենք, որ պաշտոնական Սոֆիան դեռևս չի մեկնաբանել Թեհրանի հայտարարությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկյան մի շարք հարվածներից հետո հայտարարել է, որ երկիրը հայտնվել է լայնածավալ պատերազմի վիճակում:
Հիշեցնենք, որ Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը և տարածաշրջանային այլ միջնորդներ ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադար հայտարարել՝ էսկալացիան դադարեցնելու և Հորմուզի նեղուցում աշխատանքը վերականգնելու համար:



