Պատգամավորներն առաջարկում են կանոնակարգել կինեմատոգրաֆիայի ոլորտը
ԱԺ-ն քննարկում է «Կինեմատոգրաֆիայի մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագիծը, որը հեղինակել են պատգամավորներ Աննա Կոստանյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանը, Արթուր Մանուկյանը և Արման Եղոյանը:
Նախագծի համահեղինակ Աննա Կոստանյանը նշեց, որ օրենքների նախագծերի ընդունման նպատակն է կարգավորել կինեմատոգրաֆիայի ոլորտը։ Մասնավորապես, նախագծերի ընդունումը պայմանավորված է ֆիլմարտադրության, կինովարձույթի, ցուցադրության, կինոփառատոներում և կինոշուկաներում մասնակցության պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով հավաստագրերի տրամադրման, հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության և մի շարք այլ խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ:
Աննա Կոստնայանը նշեց, որ մինչ օրս Հայաստանում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական որևիցե ակտ, որի արդյունքում մի շարք հարաբերություններ օրենսդրական կարգավորումներ չեն ստացել:
Նա նաև ասաց, որ կարգավորված չեն ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, միջազգային կինոփառատոներին մասնակցության պետական ֆինանսավորման, աջակցության այլ ձևեր: Որևիցե կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը ՀՀ տարածքում: Կինոթատրոններում և հեռուստատեսությամբ ֆիլմերի հրապարակային ցուցադրումն իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ բարոյական նորմերի և երեխաների իրավունքների պաշտպանությանը: Կարգավորված չեն նաև ֆիլմերի վարձույթի հետ կապված հարցերը։
Նա նշեց, որ օրենքով կկանոնակարգվի կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, բացի այդ՝ կինեմատոգրաֆիայի ոլորտը ֆինանսավորելու համար կներգրավվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձևավորման արդյունքում:


