կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Փաթեթավորման թափոնների դեպոզիտային վերադարձի համակարգը կարող է հանգեցնել ներդրումների շեշտակի աճի. ՇՄՆ

Փաթեթավորման թափոնների դեպոզիտային վերադարձի համակարգը կարող է հանգեցնել ներդրումների շեշտակի աճի. ՇՄՆ

Երեկ կայացել է Փաթեթավորման թափոնների դեպոզիտային վերադարձի համակարգի (ԴՎՀ) ներդրման վերաբերյալ խորհրդատվական առցանց աշխատաժողովը, որին մասնակցել են պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, միջազգային և հասարակական տարբեր կազմակերպությունների, գիտական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների ու ոլորտի այլ շահագրգիռ անձինք։
 
Շրջակա միջավայրի նախարարությունից մասնակցել են միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լ․ Ավետիսյանը։
 
Միջոցառման նպատակն էր շահագրգիռ կողմերին ներկայացնել դեպոզիտային վերադարձի համակարգի մոդելների տնտեսական վերլուծության հաշվետվությունը, որն իրականացվել է լիտվացի փորձագետի կողմից՝ հիմնված միջազգային փորձի և լավագույն պրակտիկաների վրա։
 
Ուսումնասիրությունն իրականացվել է «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» (EU4Environment) ծրագրի շրջանակում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) աջակցությամբ։ Նախաձեռնությունը Հայաստանին կօգնի երկրում փաթեթավորման թափոնների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի (ԴՎՀ) զարգացման համար ներդրումային կարիքների գնահատման գործում։
 
Համակարգի ներդրումը հնարավորություն կտա նվազեցնելու աղբի քանակությունը, բարձրացնելու համապատասխան նյութերի վերամշակման ծավալները՝ առաջարկելով ավելի մեծ քանակությամբ բարձրորակ նյութեր հավաքելու հնարավորություն և հեշտացնելով վերամշակման գործընթացը: Արդյունավետ, գործուն և հարմար համակարգը կարող է հանգեցնել ներդրումների շեշտակի աճի:
 
Վերջերս Հայաստանն ավարտել է դեպոզիտային համակարգի ստեղծման համար բացերի վերլուծության նախնական ուսումնասիրությունը` հասկանալու, թե ինչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ համակարգի գործունեության համար: Իսկ համակարգի մոդելների տնտեսական այս վերլուծության իրականացումը թույլ կտա բացահայտել Հայաստանի համար առավելագույնս հարմար ԴՎՀ տարբերակները։

  • Կիսվել: