Պաշտոնապես հայտարարում եմ՝ կորոնավիրուսը հնարավոր չէ որեւէ դեղով կանխարգելել. Թորոսյան
Այսօր պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ճեպազրույցում ասաց, որ չի կարող լինել որեւէ ստանդարտ դեղատոմս կամ բաղադրատոմս, որից կորոնավիրուսով վարակված քաղաքացիները կարող են օգտվել մինչեւ բժշկի այցելությունը։
Նախարարն ասաց. «Քաղաքացիները ինդիվիդուալ են, անհրաժեշտ է, որ պարտադիր բժշկական օգնությունը մատուցվի բժշկի կողմից: Լինում են դեպքեր, երբ մարդիկ միջազգային մամուլում որեւէ դեղամիջոց են տեսնում, դա գնում են դեղատնից, օգտագործում կորոնավիրուսով չվարակվելու համար։ Մինչդեռ ես դա պաշտոնապես եմ հայտարարում, այն հնարավոր չէ որեւէ դեղով կանխարգելել» ։
Թորոսյանը հավելեց նաեւ, որ այսօրվանից բժիշկները նախարարության կողմից ուղեցույցներ են ստանալու, որոնցով կարող են առաջնորդվել պացիենտներին բուժելիս։


