կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փաշինյանը խոստովանեց «Ֆլայ Առնա»-ի ծրագրի ձախողումը

Փաշինյանը խոստովանեց «Ֆլայ Առնա»-ի ծրագրի ձախողումը

Բազմաթիվ երկրներ, հատկապես եթե ելք չունեն դեպի ծով, ձգտում են ունենալ սեփական ավիացիա, ազգային ավիափոխադրող, եւ մենք էլ էինք ձգտում, բայց վերջերս հասկացանք, որ «Ֆլայ Առնան», որը հիմնվել էր նաեւ պետության ներդրումով 2021-ին, կարծես 4,8 մլրդ է ներդրվել կապիտալի մեջ, դադարեցրել է թռիչքները եւ օդանավերն էլ հանել է գրանցումից: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նա հարց ուղղեց վարչապետին, թե այդ առումով ի՞նչ է անելու Հայաստանը, ո՞րն է մեր երկրի դիրքորոշումը. «Եթե կա պատճառների վերլուծություն, թե ինչու է այդպես ստացվել, խնդրում եմ, դա էլ ասեք: Եվ կա՞ր արդյոք այդ ռիսկերի վերաբերյալ պատկերացում, որ կարող էր նման ելք լինել: Քիչ փող չէ, եւ քիչ կարեւորություն չունի, որ մեզ անհրաժեշտ է հատկապես ճգնաժամային իրավիճակներում, երբ մենք որոշում կկայացնենք՝ այդ ինքնաթիռները թռչեն, թե ոչ եւ ուր թռչեն»:

Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է, բայց պետք է հաշվի առնել հետեւյալ հանգամանքները, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ Կովիդի համաճարակի ժամանակաշրջանն էր եւ , ըստ էության, այն ավիաընկերությունները, որոնք Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապում էին եւ ունեինք պայմանավորվածություն, բյուջետային ավիաընկերությունները, Կովիդի բերումով դադարեցրին իրենց թռիչքները դեպի Հայաստան: Մասնավորապես, խոսքը «Ռյանէյրի», «Վիզէյր»-ի մասին է:

Մենք այդ իրավիճակում կայացրել ենք որոշում, ըստ էության, ընկերության կառավարումը վստահելով այդ շուկայի արտաքին խոշոր խաղացողներից մեկին: Բայց հետագայում նաեւ շուկայի կոնյունկտուրան որոշակի փոփոխություն է կրել եւ նաեւ շուկայում նոր ընկերություններ են հայտնվել, եւ «Ֆլայ Առնան» մրցակցությանը չի դիմացել»:

Ըստ Փաշինյանի՝ այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել մեր քաղավիացիայի հետ կապված, մասնավորապես՝ ԵՄ «սեւ ցուցակում» հայտնվելը:

«Այո, դա վատ պատմություն է, որոշակի հետեւություններ արվում են, եւ եթե չեմ սխալվում, երեկ նաեւ ԱԺ-ում մի օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել, որով որոշակի գործողությունների համար, որոնք կատարվում են Ավիացիայի կոմիտեի կողմից, պետտուրքեր են սահմանվել: Դա արվում է նրա համար, որ Ավիացիայի կոմիտեի ֆինանսական հնարավորություններն ավելանան, որ կոմիտեն հնարավորություն ունենա պատշաճ մասնագետներ վարձել, որոնց գործունեության արդյունքում մենք հույս ունենք՝ շատ շուտով Հայաստանը դուրս կգա ԵՄ «սեւ ցուցակից»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ որոշակի ստուգողական գործողություններ են իրականացվել, եւ եթե քրեաիրավական գնահատականի համապատասխանեն, կտրվեն նման գնահատականներ:

Հարցին, թե արդյոք կառավարությունը համարու՞մ է «Ֆլայ առնայի» հետ կապված հարցը փակված, Փաշինյանն ասաց. «Ես կարծում եմ՝ ցավոք, մենք այդ նախագիծը շարունակելու մասին մտածելու լավատեսական ոչ մի հիմք չունենք»:

  • Կիսվել: