Անչելոտին ցանկանում է Բրազիլիայի հավաքականում տեսնել մի շարք ֆուտբոլիստների
Նեյմարը և Կազեմիրոն կարող են վերադառնալ Բրազիլիայի հավաքական՝ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ։ Նրանք երկուսն էլ 2023 թվականից հավաքականում հանդես չեն եկել, գրումէ armsport.am-ը:
Այսօր Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան պաշտոնապես հայտարարեց իտալացուն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
Globo Esporte-ի փոխանցմամբ՝ Անչելոտին ոչ պաշտոնական զրույց է ունեցել Նեյմարի հետ, որի ընթացքում նա հստակեցրել է, որ «Սանթոսի» հարձակվողը կարևոր կլինի Բրազիլիայի հավաքականի համար առաջիկա Աշխարհի առաջնությունում։ Միևնույն ժամանակ, մարզիչը որևէ խոստում չի տվել Նեյմարին, այլ միայն իմացել է բրազիլացու ազգային հավաքականի վերաբերյալ ծրագրերի մասին։
Հաղորդվում է նաև, որ Անչելոտին շփվել է Կազեմիրոյի հետ, որի հետ նախկինում աշխատել է «Ռեալ Մադրիդում»։ Մասնագետը ցանկություն է հայտնել հույս դնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի վրա՝ որպես ազգային հավաքականի առաջատարներից մեկի։
Անչելոտին նաև տեղեկություններ է խնդրել «Բետիսի» վինգեր Անտոնիի, «Մոնակոյի» պաշտպան Կաիո Էնրիկեի և «Լիլի» հարձակվող Ալեսանդրոյի մասին։