Պարեկները շարունակում են մգեցված ապակիներով ավտոմեքենաների վարորդներին պատասխանատվության ենթարկել
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունը շարունակում է վարչական պատասխանատվության ենթարկել այն վարորդներին, ովքեր ավտոմեքենաները վարում են մգացված ապակիներով, որի տեսանելիությունը գերազանցում է սահմանված չափը։
Միայն այս տարի արդեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի ու Երևան քաղաքի գնդի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գումարտակների պարեկները Երևանում վարչական պատասխանատվության են ենթարկել մեծ թվով մգացված ապակիներով երթևեկող վարորդների, որոնց ավտոմեքենայի դիմապակին ու կողային ապակիները թույլատրելի չափից շատ մգեցված են եղել։
Նման արարք կատարելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել նաև մեծ թվով օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հայտնի «օլիգարխներ», շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, գործարարներ։ Մի մասը, համաձայն չլինելով պարեկների կազմած վարչական ակտին, դիմում են դատարան՝ բեկանելու պարեկի կայացրած որոշումը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 1-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ Մյասնիկյան պողոտայում նկատում են մգացված ապակիներով, տրանզիտ համարանիշներով «Nissan» մակնիշի ավտոմեքենա։
Պարեկները կանգնեցնում են վարորդին, ստուգում են ավտոմեքենայի դիմապակին ու կողային ապակիները և հատուկ սարքը ցույց է տալիս, որ այն չի համապատասխանում ստանդարտներին, ինչի համար վարորդը, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Գեղամ Առաքելյանը ենթարկվում է վարչական պատասխանատվության։Վերջինս արդարանում էր, թե ավտոմեքենան նոր է Հայաստան ներմուծվել ու չի հասցրել ապակիները մաքրել։