Օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանն արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևի
Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի կոչման, որը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևն է։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։
Քյուրքջյանը, մասնավորապես, նշել է, որ պարգևը մեծ պատվով է ընդունում, և այն կիսում բոլոր նրանց հետ, ովքեր երկար տարիներ ուղեկցել են իրեն։
Նրա խոսքով՝ այս պարգևին առանձնակի նշանակություն է տալիս Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում ապաստան գտած իր տատիկի և պապիկի հիշատակը։
«Նրանց արիությունը և հավատը նոր հայրենիքի հանդեպ և այն արժեքները, որոնք նրանք փոխանցել են ինձ, այս պարգևին առանձնահատուկ նշանակություն են տալիս»,- գրել է Քյուրքջյանը:
Նշենք, որ օծանելիքագործը Maison Francis Kurkdjian ապրանքանիշի հիմնադիրն է և Dior -ի ստեղծագործական տնօրենը։ Նա ստեղծել է ավելի քան 40 բուրմունք։ 2008 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը նրան շնորհել էր նաև Արվեստների և գրականության շքանշանի ասպետի կոչում։


