ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ոճաբան Անի Ավդալյանի թիմը կմասնակցի Վարսահարդարների և դիմահարդարների աշխարհի առաջնությանը

Ոճաբան Անի Ավդալյանի թիմը կմասնակցի Վարսահարդարների և դիմահարդարների աշխարհի առաջնությանը

Ոճաբան, վարսահարդար Անի Ավդալյանի թիմը մասնակցելու է սեպտեմբերի 9-11-ը Փարիզում կայանալիք Վարսահարդարների և դիմահարդարների աշխարհի առաջնությանը՝ (HAIRWORLD OMC WORLD CUP) Հայաստանը ներկայացնելով մի քանի անվանակարգերում:

Ավդալյանի խոսքով՝ առաջնությունը ոլորտի ամենահեղինակավոր իրադարձություններից է, որի ժյուրիի անդամները բարձր պրոֆեսիոնալներ են, խիստ են դատում յուրաքանչյուր աշխատանք:

«Առաջնությանը մասնակցում են ոչ միայն վարսահարդարներ և դիմահարդարներ, այլև գեղեցկության բնագավառի այլ մասնագետներ: Ինքս ժամանակին մասնակցել եմ OMC-ի Եվրոպայի առաջնությանը, աշխարհի առաջնությանը, արժանացել  մրցանակների, սակայն  ոչ մի անգամ Հայաստանը թիմով հանդես չի եկել»,-շեշտում է Անի Ավդալյանն ու տեղեկացնում՝ իր թիմում ընդգրկված են 11 պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք աշխատում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Նրանք ներկայանալու են չորս անվանակարգում:

«Կրեատիվ գույն և ոճ» (CREATIVE H. COLOR & STYLE) անվանակարգում յուրաքանչյուր մասնակից պետք է ցուցադրի  իր ստեղծագործական միտքը, աշխատի վրձնով, մազերի հետաքրքիր գունային խաղ ստանա: Նրանք պետք է ապահովեն գույների մաքրություն, ցույց տան իրենց երևակայության թռիչքը, որը բարձր է գնահատվում: Աշխատելու են մանեկենների հետ: Այս անվանակարգում Հայաստանից ներկայանալու են Հասմիկ Մանուկյանը, Սարգիս Բաղդասարյանը,  Նարինե Գրիգորյանը, Գոհար Թովմասյանը և Ռուզաննա Հովսեփյանը:

«Հյուսքերի  տեխնիկա և ոճ» (TECHNICAL BRAIDED STYLE) անվանակարգում հանդես է գալու Մարտա Քեշիշյանը: Նա պետք է կարողանա քառասուն րոպեում ստանալ այն, ինչ հարկավոր է, ցուցադրել  փայլուն տեխնիկա և երևակայություն:

«Կոմերցիոն կտրվածք և ոճ»  (STREET CUT & STYLE) անվանակարգում կներկայանան Հայկանուշ Մարգարյանն ու Կարինե Հովհաննիսյանը:  Մասնակիցները պետք է կարողանան աշխատանքն ավարտել  35 րոպեում՝ ստանալով լավագույն կտրվածքը:

«Հոնքերի շտկում և ներկում» (EYEBROWS SHAPING & TINTING) անվանակարգում կներկայանա Քրիստինե Պետրոսյանը, որը վերապատրաստվել է Մոսկվայում՝ դիմահարդար Գոհար Ավետիսյանի ստուդիայում: Նա պետք է հասցնի իր աշխատանքն ավարտել 25 կամ 35 րոպեում:

Անի Ավդալյանը վստահեցնում է՝ եթե մրցանակների չարժանանան,  անպայման աչքի են ընկնելու իրենց  հիանալի աշխատանքով: «Շատ կարևոր է, որ Հայաստանի մասնակիցները տարբերվեն յուրատահուկ ձեռագրով, վառ երևակայությամբ ու փաստեն, որ չեն զիջում որևէ մեկին»,-նշում է ոճաբանը:

Հայաստանի պատվիրակությանն աջակցում է Fly One Armenia ավիաընկերությունը:

  • Կիսվել: