երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Ոստիկանությունը բացահայտել է հերթական «թմրաշղթան»․ չորս անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Ոստիկանությունը բացահայտել է հերթական «թմրաշղթան»․ չորս անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Օրեր տեւած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղեկություններ ստացան, որ մի խումբ անձինք զբաղվում են ապօրինի թմրաշրջանառությամբ։ Այս մասին տեղեկացանք Ոստիկանության լրատվության բաժնից։

Նրանց հայտնաբերման միջոցառումներին ներգրավվեցին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, ինչպես եւ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Նախ ապրիլի 20-ին բերման ենթարկվեցին 27 եւ 30 տարեկան երկու տղամարդիկ՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչ։

Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի եւ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Նույն օրը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց նաեւ 26-ամյա մի երիտասարդ՝ դարձյալ Երեւանի բնակիչ։ Նրա խուզարկությամբ եւս մեթամֆետամին հայտնաբերվեց։ Մեթամֆետամին կար նաեւ երիտասարդի մեքենայում։

Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածներին թմրամիջոցն իրացրել էր Նուբարաշենում հաշվառված 36-ամյա մի տղամարդ, որը նույն թաղամասի բնակիչ 39-ամյա ընկերոջ հետ ապրիլի 21-ի գիշերը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։

Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներով գազային ատրճանակ ու մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին նաեւ 36-ամյա տղամարդու բնակարանը՝ հայտնաբերելով 100 գրամից ավելի մեթանֆետամինի նմանվող զանգված։

Նշանակվել են փորձաքննություններ։ Բերման ենթարկվածներից չորսը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

 

  • Կիսվել: