Կօտարվի Մոսկովյան փողոցում գտնվող ՀՀ ոստիկանությանն ամրացված վարչական շենքն ու հողամասը
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց թույլատրել Պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ ոստիկանությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքը և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.067667 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը որոշել է օտարման ներկայացնել այդ գույքը:
«Արժեքը 100 տոկոսի չափով պետք է լինի որպես մեկնարկային գին՝ 1 294 090 800 դրամ»,- նշեց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով որոշմանը, նշեց. «Գույքը ծրագրով է օտարվում, ինչը նշանակում է, որ ոչ միայն այն ձեռք բերելու ցանկություն պետք է լինի. բովանդակությունը գործարքի անբաժանելի մաս է համարվում: Պոտենցիալ ներդրողների ուշադրությունն ենք հրավիրում այս նախագծի վրա, և կառավարությունը սպասում է առաջարկների, ծրագրերի»:


