Որպես պետական մարմին մեր հիմնական խնդիրն այն է, որ մինչև սպառողին հասնելը՝ բոլորին հավասար պայմաններ տանք. Խաչատուր Սուքիասյան
Արտահանում և ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար ավելի կանխատեսելի մաքսային միջավայր ունենալու համար նախատեսվում է կառավարությանը իրավասություն վերապահել, որպեսզի սահմանվի համապատասխան կարգ՝ միտված մաքսային մեթոդների կիրառության ընտրության մասով նախնական որոշումների կայացմանը: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով կառավարության կողմից օրենսդրական կարգով ներկայացված մաքսային կարգավորման մասին և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
«Սա հնարավորություն կընձեռի, որպեսզի արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները ներկայացնելով իրենց ներմուծման կամ արտահանման գործառնությանը վերաբերող փաստաթղթերը՝ նախապես պարզեն, թե մաքսային մարմինն իրենց կողմից ապագայում իրականացվելիք գործառնությունը մաքսային արժեքի որոշման ինչպիսի մեթոդով է նախապատրաստվում որոշել և, ըստ այդմ, նաև մաքսային վճարների չափերը կլինեն ավելի կանխատեսելի»,- ասաց Պողոսյանն ու հավելեց, որ առաջարկվում է հնարավորություն ընձեռել ներդնել կանխավճարների հաշվառման համակարգ: Ինչպես նաև, առաջարկվում է նաև ազատականացնել մաքսային վճարների գծով հաշվանցումների համակարգը:
Արման Պողոսյանի խոսքով, առաջարկվում է նաև հնարավորություն ընձեռել ազատվել մաքսային վճարների կատարման ապահովման ներկայացման պարտականությունից բոլոր այն դեպքերում, երբ, թեև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցը ներկայացնում է իր կողմից ապագայում իրականացվելիք գործառնության համար անհրաժեշտ փաստաթղթերը, բայց մաքսային գործառնությունն, ըստ էության, իրականացնում է մաքսային ներկայացուցչի միջոցով՝ մասնագիտացված ծառայություն է մատուցվում մեր տնտեսվարող սուբյեկտին և, քանի որ մաքսային ներկայացուցիչը պարտավորություն է կրում հայտարարատուի կողմից հայտարարագրվող պարտավորությունների կատարման համար, և ինքն էլ իր հերթին ապահովում է ներկայացնում մաքսային մարմնին, այս դեպքում, կարծում ենք, որ ռիսկերը հավասարակշռված են:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ դիտարկում արեց, որ մեկ խնդիր կա, որը շատ կարևոր է.
«Եթե բրոքերները պետք է իրականացնեն այդ ծառայությունը, ես կարծում եմ, նրանք պետք է ապահովագրված լինեն և դա օրենքի պահանջ պետք է լինի, որովհետև խոսքը շղթայված աշխատանքի մասին է՝ կարող են տասնյակ կազմակերպությունների նրանք սպասարկեն և կարող է այս կամ այն կազմակերպությունը բրոքերի պատճառով խնդիրներ ունենա»,- ասաց Սուքիասյանը:
Ըստ նրա, եթե խոսքը գնում է բրոքերի մասին, որը պետք է տասնյակ կազմակերպությունների սպասարկի և նրա հետ կիսի վնասը և սխալը, ես կարծում եմ, որ պետք է անպայման ապահովագրած լինի, կամ դեպոզիտ պետք է ունենա իքս գումար:
«Հաշվի առնելով, որ խոսքը մաքսային ծառայության հետ է կապված, առաջին հայացքից իհարկե դա կա՛մ 10, կա՛մ 15 տոկոս մաքսատուրքն է և այլն, բայց կարող է և ապագայում հաշվի առնելով, որ դա շղթայված գնում է մինչև սպառող՝ օրինակ եթե բժշկական սարքավորման մասին խոսքը կլինի կամ դեղորայքի՝ լավ կլինի որ ինչ-որ աստիճանի մասնագիտական լինեն այդ կառույցները և եթե հնարավոր է մենք օրենքով պահանջենք, որ իրենք իրավաբան ևս ունենան»,- նշեց Խաչատուր Սուքիասյանն ու հավելեց, որ ծառայությունը մատուցելու ընթացքում կարող են իրավաբանական խնդիրներ առաջանալ,որպեսզի 3-րդ կազմակերպությանը չդիմեն.
«Օրինակ Գերմանիայի Դաշնությունում, երբ կազմակերպությունը այս կամ տասնյակ կազմակերպությունների հաշվապահական հաշվառում է իրականացնում, նրանք անպայման իրենց հետ իրավաբան ունեն : Ծառայությունը մատուցելու ընթացքում հնարավոր է իրավաբանական խնդիրներ առաջանան և որպեսզի երրորդ կազմակերպությանը չդիմեն, արդեն հստակ, օրենքով սահմանված է, որ նրանք նույնպես պետք է իրավաբան ունենան՝ հաշվի առնելով, որ այդտեղ իրավական բավականին շատ խնդիր կա և շատ դեպքերում լինում է, որ վեճեր են լինում, մինչև անգամ դատարան են հասնում, և որպեսզի դրանք ավելի կրճատվեն լավ կլինի,որ նրանք, ովքեր սպասարկում են տասնյակ կազմակերպությունների կամ ունենան իրավաբան, կամ պայմանագիր ունենան այս կամ այն իրավաբանական կազմակերպության հետ, որպեսզի սխալները նվազեցնեն»,- ասաց Սուքիասյանը:
Ֆինանսների նախարարի տեղակալն էլ նշեց, որ առաջարկը կքննարկվի ՊԵԿ-ի գործընկերների հետ:
«Մեր հիմնական խնդիրը, որպես պետական մարմին, պետք է լինի այն, որ մենք բոլորին հավասար՝ մինչև սպառողին հասնելը, պայմաններ տանք: Ես շատ կուզեմ, որ դա օրենքի մեջ ուժ ստանա, որպեսզի գոնե եվրասիականի ներսում՝ ումից որ ձեռք են բերում՝ նա այդ հաշվետվությունն իր հարկայինին ուղարկի և ուղարկի մեզ՝ հաշվի առնելով, որ դա մեկ հարթակ է»,- շեշտեց Սուքիասյանը:
Խաչատուր Սուքիասյանը նաև անդրադարձել է էլեկտրոնային սարքավորումներին՝ նշելով, որ պետք է ապագայում ՀՀ-ում լինի ճկուն հնարավորություն հավաքագրելու ցանկացած գործիք ու սարքավորման, որը կկարողանանք տեսնել էլեկտրոնային կառավարումով։ Սրան ի պատասխան Արման Պողոսյանը նշել էր, որ այս հարցը ուշադրության կենտրոնում է, այն կոչվում է կոմպլեկտավորման բեռների հավաքագրման գործիքակազմ, որը հնարավորություններ պարունակղ գործիք, որի արդյունքում երկրում կկոմպելտավորվեն տարբեր մասերի բեռներ։