երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Որպես բյուջետային՝ low-cost ավիաընկերություն՝ նոր ազգային ուղևորափոխադրողը նպաստելու է զբոսաշրջության աճին. Ավինյան

Որպես բյուջետային՝ low-cost ավիաընկերություն՝ նոր ազգային ուղևորափոխադրողը նպաստելու է զբոսաշրջության աճին. Ավինյան

Հուլիսի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Ողջույնի խոսքում Տիգրան Ավինյանը շնորհավորել է համաձայնագրի կնքման կապակցությամբ և նշել.

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագիրը կարևոր քայլ է ազգային ավիափոխադրողի ստեղծման ճանապարհին: Սա ռազմավարական նշանակության ներդրումային ծրագիր է և մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ավիացիայի զարգացման համար։

Հայաստանի ազգային ավիացիան մեծ համբավ է ունեցել իր ավանդույթներով և հայտնի եղել իր պրոֆեսիոնալ կադրային ռեսուրսով: Համոզված եմ, որ այդ ավանդույթները վերածնվելու են՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Կարևորում եմ, որ համաձայնագրով ստեղծվելու է անկախ համատեղ ընկերություն, որը բազավորվելու է «Զվարթնոց» օդանավակայանում:

Որպես բյուջետային՝ low-cost ավիաընկերություն՝ նոր ազգային ուղևորափոխադրողը նպաստելու է զբոսաշրջության աճին և խթանելու է հարակից ոլորտների զարգացումը:

«Էյր Արաբիան» Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողն է։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 170 ուղղություններով, հանդիսանում է աշխարհում ֆինանսապես ամենաարդյունավետ ավիաընկերություններից մեկը, և այս համագործակցությունը ծրագրին հաղորդում է առավել մեծ գրավչություն:

Ուզում եմ նաև ընդգծել, որ նոր ազգային ավիափոխադրողի ստեղծմամբ՝ ընդլայնվելու են Հայաստանի քաղաքացիների օդային մատչելի և որակյալ ճամփորդության հնարավորությունները:

Կրկին շնորհավորում եմ այս ձեռքբերման համար՝ համոզված, որ սա լինելու է հաջողված նախագիծ, որի արդյունքները տեսանելի են լինելու կարճ ժամանակում: Մաղթում եմ բարի երթ և հաջողություններ»:  

Միջոցառմանը ներկա էր նաև «Էյր Արաբիայի» տնօրենների խորհրդի նախագահ Ն.Գ. Շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին։

Համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս։

ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագրով ստեղծվում է հայկական նոր ազգային ավիաընկերություն: Վերջինս գործելու է «Էյր Արաբիայի» կողմից շահագործվող բյուջետային բիզնես մոդելով: Շուտով սկիզբ է դրվելու օդային օպերատորի սերտիֆիկատի ստացման աշխատանքներին, ինչը թույլ է տալու մեկնարկել ավիաընկերության գործունեությունը: Գործարկման ամսաթվի, անձնակազմի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն առաջիկայում:

  • Կիսվել: