Ողջ պատմությունն սկսվել է նրանից, որ մեր ընդդիմադիր գործընկերների օգնականներից մեկը իրեն ոչ վայել է պահել իշխանական պատգամավորներից մեկի հետ շփման ընթացքում. Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում պնդեց՝ երեկ իր աշխատասենյակում ծեծկռտուք չի եղել, այլ եղել է միջանցքում, ինքը դրա մասին իմացել է իր աշխատասենյակում «հանգիստ նստած, լուր կարդալիս»։
Ռուբինյանը հերքեց նաև լուրերը, որ ընդդիմադիր խմբակցության օգնականներին իր աշխատասենյակ սուրճ խմելու են հրավիրել։
«Իմ սենյակում օգնականները զրույց են ունեցել, որպեսզի հարթեն իրավիճակը, որը վերածվել է ծեծկռտուքի միջանցքում, հետո պատգամավորները մոտակայքում են եղել, փորձել են հանգստացնել։ Ես ուրիշ բան չգիտեմ էդ պատմությունից», - ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ գործ ունեն իրավիճակի հետ, որին մասնակցել են օգնականներ, ասում են նաև՝ պատգամավորներ։
«Առաջին հերթին դուրս եկա, իմ օգնականներին շտապ հրավիրեցի ներս, երիտասարդ աղջիկներ են, որպեսզի չլսեն այդ խայտառակ հայհոյանքները, հետո մնացած մարդկանց մի մասին կանչեցի իմ սենյակ, որպեսզի կրքերը հանդարտվեն», - ասաց Ռուբինյանը:
Հարցը, թե իշխանությունը համապատասխան քայլեր պատրաստվու՞մ է ձեռնարկել, օրինակ՝ էթիկայի հանձնաժողով ստեղծել տեղի ունեցածին գնահատական, դիրքորոշում հայտնելու համար, ԱԺ փոխնախագահը շրջանցեց, ասաց միայն, որ ծեծկռտուքը վատ բան է։
«Որ ծեծկռտուք է, շատ վատ է, բնականաբար։ Շատ վատ է ցանկացած ծեծկռտուք։ Այս ամբողջ պատմությունն սկսվել է նրանից, որ մեր ընդդիմադիր գործընկերների օգնականներից մեկը իրեն ոչ վայել է պահել իշխանական պատգամավորներից մեկի հետ շփման ընթացքում։ Դրա մանրամասները ես այնքան էլ լավ չգիտեմ», - կրկնեց նա։
Ռուբինյանը հավելեց, որ իրեն մտահոգում է խորհրդարանի պատերի ներսում ցանկացած անտակտ արարք, ցանկացած բռնության գործադրում ցանկացածի կողմից։