շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի հայաթափման և բռնի տեղահանության հետևանքով խախտվել է հազարավոր ուսանողների կրթության իրավունքը

Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի հայաթափման և բռնի տեղահանության հետևանքով խախտվել է հազարավոր ուսանողների կրթության իրավունքը

«Մայիսի 16-ը Ուսանողների և Երիտասարդության օրն է և ևս մեկ հնարավորություն է հիշեցնելու, որ 2020-2023 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի հայաթափման և բռնի տեղահանության, ինչպես նաև դրան նախորդած Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով խախտվել է հազարավոր ուսանողների կրթության իրավունքը»,- նշված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ։ 

«Միջազգային օրենսդրությունը փաստում է, որ կրթության բնականոն գործընթացը չպետք է խաթարվի, մինչդեռ պատերազմն ու բռնի տեղահանությունը կարող են ծանր ազդեցություն թողնել՝ առաջացնելով կրթական, սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրներ։ Կրթության հասանելիության բացակայությունը պատերազմների տեղահանության ամենալուրջ հետևանքներից է, որի ազդեցությունը կարող է ի հայտ գալ հակամարտությունից նույնիսկ տասնամյակներ անց։

Արցախի ամբողջական հայաթափումից հետո, 2023 թվականի նոյեմբերի 23-ին Իլհամ Ալիևի հրամանագրով Ստեփանակերտի Արցախի պետական համալսարանի շենքում ստեղծվեց «Ղարաբաղի համալսարանը», որը սկսեց գործել 2024 թվականի սեպտեմբերից ընդունելով ադրբեջանցի ուսանողների։

Նախքան Արցախի ամբողջական հայաթափումը՝ համալսարանն ուներ 6 ֆակուլտետ, 15 ամբիոն, 1000-ից ավել ուսանող։ Համալսարանի գրադարանն ուներ ավելի քան 100 հազար կտոր գրականություն, հրատարակչություն, որտեղ հրատարակվում էին «Գիտական տեղեկագիր», «Հայագիտական հանդես», «Արցախի համալսարան» պարբերականները:

Ադրբեջանցի ուսանողներին պետք է ծառայի նաև Շուշիի ռեալական ուսումնարանի շենքը, որը հիմնադրվել էր 1881 թվականին, որի վերափոխման աշխատանքները Ադրբեջանի կողմից սկսվել էին դեռևս 2023 թվականին։

Այսօր Արցախից բռնի տեղահանված ուսանողները զրկված են իրենց հարազատ կրթօջախներում կրթություն ստանալու իրավունքից։ Արցախում էին գործում Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց»-ի անվան համալսարանը, «Գրիգոր Նարեկացի» համալսարանը, Ագրարային համալսարանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, որոնք այսօր օտարված են իրենց ուսանողներից։

Կրթության հիմնական նպատակը թե՛ ակադեմիական և թե՛ ավանդական արժեքների փոխանցումն ու հարստացումն է, որոնցում անհատը և հասարակությունը պահպանում են իրենց ինքնությունը։ Ինչպես շեշտվում է 1990 թվականի «Կրթության մասին Համաշխարհային հռչակագրում», մարդիկ զարգանում են իրենց հատուկ, միևնույն ժամանակ զարգացող աշխարհի տեսլականների ու կարողությունների յուրացման միջոցով, և հենց կրթությունն է թույլ տալիս մարդուն մուտք գործել գիտելիքի և արժեքների տիրույթ։

1999 թվականին «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների» հանձնաժողովի թիվ 13՝ կրթության վերաբերյալ ընդհանուր մեկնաբանության մեջ ընդգծվում է կրթության իրավունքի երաշխավորման կարևորությունը․ «Կրթությունը պետք է մշակութային առումով համապատասխան, որակյալ և ընդունելի լինի սովորողների համար»։ Կրթության բովանդակությունը, ինչպես նաև դրա կազմակերպման ձևը պետք է նպաստեն սեփական մշակութային ինքնության ապահովմանն ու զարգացմանը։ Այս կոնտեքստում հարկ է նշել, որ պատերազմի պատճառով տեղահանված ուսանողները իրենց ուսումնական հաստատությունից տարբերվող այլ կրթական հաստատություններում, զրկված են իրենց սովորույթներին, մշակութային գործելակերպին և առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու իրավունքից։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը կոչ է անում միջազգային կառույցներին երաշխավորել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքը և պաշտպանել ուսանողների կրթության իրավունքը, ինչպես այն ամրագրված է ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 13-րդ և 14-րդ հոդվածներում և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածում»,- նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: