Հաղթանակի 80-ամյակի սրբազան օրը ականատես եղանք մի աննախադեպ ազգային խայտառակության. հայտարարություն
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հայտարարություն է տարածել.
«Օրեր առաջ, հենց փառավոր Հաղթանակի 80-ամյակի սրբազան օրը, մենք ականատես եղանք մի աննախադեպ ազգային խայտառակության, որը խորը վիրավորանք է մեր ժողովրդի պատմական հիշողությանը։
Հանրային հեռուստատեսության եթերից ինքնակոչ «ռազմական փորձագետ» հոխորտացողը (և դա դեռ բավական չէ՝ նա նաև ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետն է, որը շատ մեծ հարցական է դառնում, թե ինչպես կարող է նման ոչ կոմպետենտ և պարտության սիմվոլներից մեկը համարվողն ուսուցանել մյուսներին) ամենանողկալի ձևով արդարացրեց ֆաշիստական Գերմանիայի գործողությունները, նրանց հետ համագործակցած հայ դավաճաններին և «միֆազերծեց» մեր սրբազան Հաղթանակի փառապանծ պատմությունը։
Թերևս այս թեմային մենք չէինք անդրադառնա՝ հաշվի առնելով, որ սա հստակ ուղղորդված ծրագիր է, և այն ասպարեզ նետողներն ակնկալում են հենց թեմայի ակտիվ շահարկումը, բայց հանգամանքների բերումով իրավիճակն այնպես դասավորվեց, որ այս տխմար մտքերին աջակից կանգնեցին շատերը և սկսեցին լայնորեն տարածել հանրության շրջանում։
Չցանկանալով շատ խորանալ, հնչեցված բոլոր կեղծիքներից կենտրոնանանք միայն մեկի վրա՝ Ստալինգրադի ճակատամարտը: Այն, որ այդ ճակատամարտն իսկապես վճռորոշ էր հայ ժողովրդի համար, վաղուց ապացուցված անժխտելի փաստ է։ Բայց մեր նորօրյա «ռազմական մտքի իմաստակը» հանդգնում է պնդել, որ եթե ԽՍՀՄ-ը, այսինքն՝ մենք, պարտվեինք Ստալինգրադում, ապա Գերմանիան՝ Բուլղարիայի և հայ նացիստների օգնությամբ, կգրավեր Թուրքիան և կստեղծեր «Մեծ Հայաստան»՝ վկայակոչելով «Գերտրուդա» օպերացիան։
Նախ, այս մարդանմանին հարկավոր է հիշեցնել, որ իր վերոնշյալ օպերացիան իրականում բոլորովին այլ նպատակներ էր հետապնդում, և որ այն չեղարկվել է հենց այն ժամանակ, երբ Թուրքիան պայմանագիր է կնքել Գերմանիայի հետ՝ 1941 թվականին։ Այդ օպերացիայի մեջ չկա ոչ մի կետ, որտեղ խոսվում է «Մեծ Հայաստանի» մասին։ Դրան, երևի, ավելորդ չէ հիշեցնել Հիտլերի ողբերգական խոսքերը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ջարդերը»։ Ավելորդ չէ նաև հիշեցնելը, որ Գերմանիայի կողմից գործի էր դրված «ՕՍՏ» ծրագրի իրականացումը, համաձայն որի՝ ԽՍՀՄ բոլոր պետությունները դիտարկվում էին որպես Գերմանիայի համար հումքի արտահանման պարարտ հողեր, իսկ տեղի բնակիչները՝ անվճար աշխատուժ՝ ենթակա բնաջնջման։
Ինչևէ։ Մեծ Հայրենականում մեր հերոսական հաղթանակը հարցականի տակ դնողը և ֆաշիզմն ուղղակի կամ անուղղակի արդարացնողը ոչ միայն Հայաստանի, այլև համայն մարդկության թշնամին է։ Հավանաբար, սրանց հաջորդ քայլը լինելու է իրենց հարազատ պապերի գերեզմանին ուղղակիորեն թքելը, որովհետև այդ նողկալի գործողությունն անուղղակի կերպով արդեն կատարվել է։
Մենք խորապես և վճռականորեն դատապարտում ենք տեղի ունեցածը և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը դիմում ենք, որպեսզի այս հայտարարությունն ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին, որտեղ բարձրաստիճան պետական պաշտոնյան (ինչն ինքնին անընդունելի է, քանի որ, հաշվի առնելով դրա գործունեությունը, վաղուց էր պետք դրան զրկել համազգեստ կրելու իրավունքից) արդարացնում է ֆաշիզմը։
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, որպես Մեծ Հաղթանակի կազմակերպիչ և հպարտ ժառանգ, անսասան հետևողական է լինելու, որպեսզի նման երևույթներն իսպառ արմատախիլ լինեն մեր հայրենիքից»։