ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Ոչ լիարժեք կրթություն ստանալու վրա ազդում են հիմնականում վաղ ամուսնությունները. ՔՊ-ական պատգամավոր

Ոչ լիարժեք կրթություն ստանալու վրա ազդում են հիմնականում վաղ ամուսնությունները. ՔՊ-ական պատգամավոր

Համալսարանականների հետ հանդիպումը կարեւորում եմ, քանի որ դուք եք վաղվա շարժիչ ուժն ու հիմնասյունը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով, նշել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Հարց է հնչել, մասնավորապես, եզդի աղջիկների վաղ ամուսնության խնդրի առնչությամբ օրենսդրական գործընթացների վերաբերյալ: Պատգամավորը կարեւորել է կրթություն ստանալու մարդու իրավունքը եւ նշել, որ ոչ լիարժեք կրթություն ստանալու վրա ազդում են հիմնականում վաղ ամուսնությունները: Պատգամավորը տեղեկացրել է, որ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվելու է փոխել կանանց համար ամուսնական տարիքը եւ 17-ի փոխարեն սահմանել 18 տարին: Ներկայում այդ ուղղությամբ փորձագետ-մասնագետների հետ աշխատանքներ են ընթանում:

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ ոչ լիարժեք կրթության խնդրի առջեւ են կանգնած նաեւ եզդի պատանիները. հաճախ նրանք դպրոց գնալու փոխարեն զբաղվում են հողագործությամբ կամ անասնաբուծությամբ:

Ուսանողների խնդրանքով պատգամավորը մանրամասնել է 2014 թվականին Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից Սինջարում գազանաբար սպանված հազարավոր եզդիների ցեղասպանության պատմությունը: Նա նշել է, որ մինչ օրս անհայտ է 3000 եզդիների ճակատագիրը:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ Հայաստանի անվտանգությանը, տարածաշրջանին եւ վարվող արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի: Նա նշել է, որ միջազգային հանրությունը բարձր է գնահատում Հայաստանում ժողովրդավարության մակարդակը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարինա Ղազարյանը եւ Արսեն Թորոսյանն էլ հանդիպել են ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողով այցելած «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի արվեստի դպրոցի սաների հետ։ԱԺ պատգամավորների հետ ծավալված ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում 9-ից 16 տարեկան սաները բարձրացրել են արվեստին, մշակույթին, կրթական ոլորտին, բնապահպանությանը, առողջապահությանը, մեր երկրի ապագային առնչվող եւ այլ հարցեր։

Մարինա Ղազարյանը ներկայացրել է օրենսդիր մարմնի գործառույթները, կարեւորել պատգամավորի դերն ու նշանակությունը մեր երկրի քաղաքական կյանքում, ընդգծել խորհրդարանականի օրինաստեղծ գործունեության անհրաժեշտությունը։

Նա երեխաներին խորհուրդ է տվել չբացակայել դասերից, լավ սովորել, քանի որ անձամբ ինքը երբեք չի բացակայել եւ հիմնական գիտելիքները ձեռք է բերել դպրոցական տարիներին։ Պատգամավորը շեշտել է, որ ամբողջ կյանքում պայքարել է անարդարության դեմ: Մարինա Ղազարյանը նույնը խորհուրդ է տվել նաեւ Ազգային ժողով այցելած հյուրերին՝ հորդորելով անարդարության հանդիպելու դեպքում միշտ պայքարել դրա դեմ եւ փորձել հաղթահարել բոլոր խոչընդոտերը:

Արսեն Թորոսյանն էլ խորհուրդ է տվել տիրապետել մեր երկրի մշակութային եւ հոգեւոր հարստությանը, դառնալ դրանց կրողն ու տարածողը։

Պատասխանելով առողջապահական ապահովագրության վերաբերյալ հարցին՝ պատգամավորը նշել է, որ այն երրորդ հանրապետության ամենամեծ ու հիմնարար բարեփոխումն է առողջապահության ոլորտում, որը ներդրվելու է փուլային եղանակով։
Պատգամավորները երեխաներին մաղթել են ապրել այնպիսի երկրում, որտեղ կկարողանան իրենց դրսեւորել բոլոր առումներով, կլինեն առողջ ու երջանիկ, կհասնեն իրենց նպատակներին ու երազանքներին։

Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում եւ գրադարանում, ծանոթացել խորհրդարանական առօրյային:

  • Կիսվել: