Հիվանդները դադարեցրել են հացադուլը պարզաբանումներ ստանալուց հետո. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում հացադուլ հայտարարելու դեպքի մասին հայտարարությամբ է հանդես եկել: Դրանումասվում է.
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հեռախոսազանգեր է ստացել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան) հացադուլ հայտարարած անձանցից:
Ըստ ահազանգերի՝ հացադուլ հայտարարելու պատճառը եղել է իրենց ազգականների բերած պատրաստի սննդի մուտքը հոգեբուժարան արգելելը:
Ահազանգերի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները մշտական կապի մեջ են եղել հոգեբուժարանի տնօրենի և փոխտնօրենի հետ, ինչպես նաև հետադարձ կապ են հաստատել հացադուլ հայտարարած անձանց հետ:
Հոգեբուժարանի տնօրինության պարզաբանման համաձայն՝ հանձնուքների արգելման նպատակը վերջերս Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում տարածված աղիքային վարակի կանխարգելումն է: Այն կրում է ժամանակավոր բնույթ և վերաբերում է բացառապես տնային պայմաններում եփված սննդին (բանջարեղեն, միրգ, հաց, քացրավենիք և այլ հում սննդի հանձնումն արգելված չէ):
Հացադուլ հայատարած անձինք Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում տեղեկացրել են, որ իրենց տրամադրվել են բավարար պարզաբանումներ հանձնուքների ժամանակավոր սահմանափակման հարցի վերաբերյալ, և իրենք դադարեցրել են հացադուլը:
Հոգեբուժարանում գտնվող անձանց հոգեկան առողջության և նրանց իրավունքների պաշտպանության հարցերը շարունակվում են մնալ Պաշտպանի ուշադրության կենտրոնում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մոտ 50 հիվանդ հացադուլ է հայտարարել:
Հիվանդներից մեկը հայտարարել էր. «Մեր հարազատները մեզ սնունդ են բերում, սակայն հիվանդանոցի անձնակազմը չի թույլատրում, որպեսզի մենք ստանանք մսեղեն, տաք ճաշեր: Նրանք ասում են, որ միայն պետք է ստանաք մրգեր և քաղցրավենիք: Մենք այստեղի ճաշերը չենք հավանում, բացի այդ էլ, շատ հիվանդներ սոված են մնում, իսկ մենք շատ բան չենք ուզում՝ թույլատրեն, որ ստանանք մեր հարազատների բերած ճաշերը: Մենք հայտարարում ենք հացադուլ և եթե խնդիրը չլուծվի, պատրաստ ենք նաև ջրադուլի: Էլ չենք ասում, որոշ սանիտարներ սադրում են, որ մեզ ստիպողաբար ինչ-որ դեղեր ներարկեն: Այս մասին արդեն տեղեկացրել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և սպասում ենք նրա այցելությանը, որպեսզի խնդիրը լուծվի»: