հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Նուբար Աֆեյանի մասնակցությամբ քննարկվեց հոգևոր-հոգեբանական աջակցության նորաստեղծ մեթոդը

Նուբար Աֆեյանի մասնակցությամբ քննարկվեց հոգևոր-հոգեբանական աջակցության նորաստեղծ մեթոդը

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» (Armenian Spiritual Revival Foundation) հոկտեմբերի 11-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Ամոքելով ապագան. հոգեւոր-հոգեբանական մեթոդը գործնականում» խորագրով, որին մասնակցում էր հիմնադրամի հիմնադիր, ամերիկահայ բարերար և ձեռներեց դոկտոր Նուբար Աֆեյանը տիկնոջ՝ Աննա Աֆեյանի հետ։

Նուբար Աֆեյանի նախաձեռնությամբ ստեղծված Հիմնադրամը 2022թ ի վեր, համագործակցելով հայաստանյան ու միջազգային առաջատար մասնագետների հետ, հոգեբանության, պատմության, մշակույթի և հոգևոր  արժեքների համադրությամբ ստեղծել է նորարար մի ծրագիր՝ ուղղված  կոլեկտիվ տրավմայի անհատական հետևանքների վերականգնմանը։

Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, միջազգային և հայաստանյան հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ, անվանի գիտնականներ ու գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ 

Ըստ Նուբար Աֆեյանի՝ այս նախաձեռնության արմատները գալիս են իր այլ հաջողված ծրագրերից՝ ի դեմս «Ավրորա մարդասիրական նախաձեռնության», որն այս տարի տոնում է իր գործունեության 10-ամյակը։ Եվ այս առումով, ըստ նրա, «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» գործունեությունը հումանիտար աջակցման ծրագրերի տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է անել հաջորդ քայլը այնտեղ, որտեղ մարդիկ անցում են կատարում գոյատեւումից դեպի ամոքում ու զորացում

Ներկաների հետ քննարկվեց հիմնադրամի առաքելությունն ու ծրագրային ուղղությունները։ Անդրադարձ կատարվեց նաև համագործակցության ու  ազդեցության ընդլայնման հնարավորություններին՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության առաջնահերթությունները, Հիմնադրամի գլոբալ ծրագրերը և մասնակից գիտնականների ու փորձագետների արձագանքները։

  • Կիսվել: